04/09/2018 14:28
Ուզում էինք, որ ժամանակակից ու սիրուն անուն լինի. դերասան Վարդան Հովսեփյանը որդի է ունեցել
Սեպտեմբերի 3-ին ժամը 21:50 րոպեին Մասիվի ծննդատանը լույս աշխարհ է եկել դերասան Վարդան Հովսեփյանի առաջնեկը: Aysor.am-ի հետ զրույցում նորաթուխ հայրիկը պատմեց՝ մինչև երեկ բացարձակ չէր պատկերացնում, թե ի՞նչ զգացողություններ են իրեն պատելու: Հիմա հիշում է, թե ինչպես էր հուզվել՝ գիտկցելով սեփական երջանկությունը:
«Առաջինը, որ մտածում էի, այն էր, որ կինս այդ ցավերից ձերբազատվեց: Արդեն տղայիս գալու ժամանակն էր, ու երկուսն էլ տանջվում էին: Փառք տվեցի Աստծուն, որ ամեն ինչ բարեհաջող անցավ: Հիմա եմ հասկանում, թե ինչու են հղի կանանց մաղթում բարի ազատում: Կնոջ մեջ այնքան ուժ կա, որ կարողանում է դրանց դիմակայել: Հիմա շատ խառն են զգացմունքներս, երևի կամաց-կամաց կհասկանամ, թե հետս ինչ է կատարվում», - խոստովանեց մեր զրուցակիցը:
Ծնողները, քննարկելով մի քանի տարբերակ, իրենց որդուն տվել են Մաքս անունը:
«Նաև Մարկն էր շատ հավանական թվում: Կարևորում էինք այն փաստը, որ ժամանակակից ու սիրուն անուն լիներ: Երբ նրան արդեն հիվանդանոց էի տանում, հարցրեցի՝ վերջնական ո՞ր անուն է ուզում: Ասաց՝ Մաքս: Այդպես էլ անվանակոչեցինք մեր տղային: Բայց ուզում եմ շեշտեմ՝ ոչ թե Մաքսիմ, այլ հենց Մաքս», - նշեց նա:
Վարդան Հովսեփյանը որդուն դեռ չի գրկել, միայն նկարներով է տեսել: Ասում է՝ այս հիվանդանոցում տղամարդկանց չեն թողնում վերև բարձրանալ, շատ ուշադիր ու զգույշ են այդ հարցում: Սակայն ծնունդն ընդունող բժիշկը, ով նաև դերասանի ընկներն է, նորաթուխ հորը ոգևորել է՝ փոքրիկն իր արտացոլանքն է:
«Լևոն Բորիսիչը երեկ հումորով ասաց՝ երբ ծնվեց, ասեցի մի հրատ թրաշ ավելացնենք, լրիվ Մոսոն է (Վարդան Հովսեփյանի մարմնավորած կերպարը՝ «Կարմիր բլուր» սերիալում` հեղ.): Փաստորեն, երևի ջղային երեխա է: Բայց դե լավ է, թող ջղային լինի, բա տղա է, պիտի տղավարի պահի իրեն», - ծիծաղելով ընդգծեց դերասանը:
3 կգ քաշով և 51 սմ հասակով փոքրիկի մասին բոլորն ասում են՝ բոյով տղա է լինելու: Կնոջ հետ նմանության մասին դեռ չի խոսել, թեև պարբերաբար կապի մեջ է լինում հեռախոսով, տեղեկանում վերջինիս ինքնազգացողությամբ:
«Ամեն վայրկյան նրան զանգում եմ, իհարկե, աշխատելով չխանգարել, եթե քնած է: Երեկ Խորիկին (նկատի ունի Խորեն Լևոնյանին՝ հեղ.) հարցնում եմ՝ դու ինչքա՞ն ես ծնվել, ասում է՝ 50 սմ: Ու հիմա մտածում եմ՝ գուցեև իմ տղան հետագայում 2 մետրից ավելի՞ բոյ ունենա», - հպարտորեն նշեց նա:
Կպահե՞ն ծնողները ավանդական 40-օրյա շրջանը, թե՞ ոչ՝ դերասանը չգիտի: Նկատում է՝ ամեն ինչ կանեն կարգով: Եթե այդ շրջանը կարևոր է բալիկի ու մայրիկի համար, ապա կհետևեն ավանդույթին, ի վերջո, դրանից վնաս չկա:
Ե՛վ փոքրիկը, և՛ մայրիկն իրենց լավ են զգում, ու, հավանաբար, մեկ-երկու օրից արդեն տանը կլինեն: Կնոջ համար ավանդական անակնկալ պատրաստելու մասին չի մտածել, ասում է՝ միակ մտածմունքն այն է, որ կինն ու որդին իրենց լավ զգան: Այս ընթացքում ծանրաբեռնված ռեժիմով աշխատող հայրիկը նույնիսկ չգիտի՝ ընտանիքի նոր անդամին տուն տանելիս կկարողանա՞ ուղեկցել, թե՞ ոչ:
«Անկեղծ ասած՝ այսօր նկարահանման էի, բայց գործընկերներս, հականալով շատ ու շատ նրբություններ, մեծահոգի ու բարի գտնվեցին ու իմ այսօրվա նկարահանումը տեղափոխեցին վաղը: Ու եթե նույնիսկ վաղը հիվանդանոցից դուրս գրեն կնոջս ու որդուս, «երես» չեմ ունենա ասեմ: Ի վերջո, պարտադիր պետք է աշխատենք, որովհետև հակառակ դեպքում ինչպե՞ս պիտի ապրենք», - մեզ հետ զրույցը եզրափակեց դերասանը:
Aysor.am-ը ծնողներ դառնալու կապակցությամբ շնորհավորում է Վարդան Հովսեփյանին ու կնոջը, փոքրիկ Մաքսին էլ մաղթում ենք առողջ ու անհոգ մանկություն: