05/09/2018 10:51
Ասում են՝ իրենք «փայ» չեն մտնում, մտածեցինք, որ ժողովրդի պաշտպանը կդառնան. Խաղողագործները դժգոհ են կառավարությունից
Առավոտից Արմավիրի խաղողագործները վերսկսել են բողոքի ակցիան՝ պահանջելով վերանայել խաղողի մթերման գները:
Նրանք շարժվեցին դեպի Արմավիրի մարզպետարան՝ պնդելով, որ եթե իրենց պահանջը չլսեն, ապա նորից, ինչպես նախօրեին, կփակեն Արմավիր-Երևան ավտոճանապարհը:
Մարզպետարանի մուտքի մոտ խաղողագործներին հանդիպեց Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, ով խաղողագործներին ներս հրավիրեց՝ մարզպետարանի շենքում հարցը գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանի հետ քննարկելու, ով առավոտից մարզ է ժամանել խաղողագործների հետ հանդիպման:
Մարզպետը նշեց, որ կիսում է խաղողագործների մտահոգությունը, բայց իրենք լծակներ չունեն՝ սեփականատերերի աշխատանքներին միջամտելու. «Անձամբ ես հանդիպում եմ նշանակել համայնքապետերի հետ և անընդհատ խնդրի մեջ ենք»:
Խաղողագործներից մեկն էլ նկատեց, որ այս տեմպերով եթե շարունակվի, իրենք կսնանկանան՝ պնդելով, որ իրենք վստահ էին՝ նոր կառավարությունը այլ մոտեցում է որդեգրելու այս հարցում:
«Նախկինի շահը մեկն էր՝ ինչքան հնարավոր է ժողովրդից փող պոկել ու հարստանալ: Եկավ նոր իշխանություն, մենք հավատացինք դրան, նա եկավ իշխանության մեր ձեռքերով, հավատացինք, որ դրա իշխանությունը կծառայի մեզ: Ասում են, որ իրենք «փայ» չեն մտնում, մտածեցինք, որ էս իրավիճակում իրենք ժողովրդի պաշտպանը կդառնան, բայց այսօր եկել է մի պահ, որ էս գներով հնարավոր չի ոչ մի բան անել», - ասաց խաղողագործներից մեկը:
Երեկ խաղողագործները փակել էին Արմավիր-Երևան ճանապարհը՝ պանաջելով վերանայել խաղողի մթերման գինը: Նրանք պնդում են, որ նախապես իրենց խոստացվել է խաղողի կիլոգրամի համար վճարվել 160 դրամ, մինչդեռ գործարանները պնդում են, որ 140 դրամից ավելի չեն կարող վճարել: