05/09/2018 11:03
Տնտեսության առնվազն 80% ճյուղային ոլորտներում ԱՄՆ ներդրումներ ենք ակնկալում. Արծվիկ Մինասյան (Տեսանյութ)
Հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները ներկայում գտնվում են մի նոր որակական մակարդակի վրա, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։
«Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի ներդրումների փոխադարձ համաձայնագիր ունենանք ԱՄՆ-ի հետ, ինչը հնարավորություն կտա թե՛ ամերկյան կազմակերպությունների ներդրումներն ավելի խթանելու, թե՛ առևտրաշրջանառության մասով նոր մեխանիզմների գործադրման առումով: Այն, որ մենք ունենք բավական դրական և լավ պատմություններ ամերկյան ներդրումների մասին մեր երկրում, հույս է տալիս, որ մենք կարող ենք ակնկալել մեր տնտեսության առնվազն 80 % ճյուղային ոլորտներում ներդրումներ: Դրանք վերաբերում են թե՛ բարձր տեխնոլոգիաներին, թե՛ թեթև արդյունաբերությանը, թե՛ ծառայությունների ոլորտին», - նշեց նա։
Ա. Մինասյանն ակնկալում է, որ GSP համակարգն ու դրան զուգակցված նոր հնարավորությունների բացումն ամերիկյան կողմի հետ ավելի կմեծանա այս տարի:
«Ես հայտարարել եմ, որ առաջարկվում են շուրջ մեկ միլիարդ դոլարը գերազանցող ներդրումային ծրագրեր, որոնցից իրատեսական է 240 հազար դոլարի ներդրումներ ունենալ առաջիկա ժամանակահատվածում: Դրանց մի մասն արդեն իրականացվել է և վերաբերում է բարձր տոխնոլոգիաներին, լոգիստիկ հնարավորություններին, բարձր արտադրողականության գյուղատնտեսական վերամշակման ոլորտին և բարձրակարգ հյուրանոցային ծառայությունների ստեղծմանը: Ունենք առաջարկներ, որոնք վերաբերում են առողջապահական համակարգին, կրթական ոլորտին և այլն», - ասաց նախարարը:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ կրկնակի հարկման վերացման վերաբերյալ բանակցություններն ամերիկյան կողմի հետ ընթացքի մեջ են։
«Այստեղ երկու-երեք նուրբ հարց կա, որոնք բանակցությունների փուլում են և չէի ուզենա այս պահին բարձրաձայնել: Հարցն այն է, որ հայ-ամերիկյան համաձայնագրի շրջանակում դեռևս ամբողջ պոտենցիալը չենք իրականացրել, բայց նաև կարևոր է, որպեսզի իրականացնենք առավել մեծ թափով աշխատանքներ», - ասաց նա։
«Առհասարակ, երկկողմ ներդրումների պաշտպանության և հարկերից ազատելու մասին համաձայնագրերի շատ ավելի լայն աշխարհարգրություն ենք պատկերացնում, ինչը թույլ կտա մեծացնել մեր հնարավորությունները: Եթե ոչ այս տարի, ապա մինչև հաջորդ տարվա կեսերը կունենանք նաև առևտրային ներկայացուցչություն ԱՄՆ-ում, ինչը հնարավորություն կտա շատ ավելի մոտիկից ու անմիջականորեն աշխատելու ամերիկյան թե՛ ներդրողների, թե՛ բիզնես հանրության հետ», - ընդգծեց Ա. Մինասյանը։