05/09/2018 15:08
Բաքվում կարծում են՝ Դեն Բիլզերյանն Արցախում կրակել է Ադրբեջանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել երկրում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Գիլին: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմետ Հաջիևը:
«Գիլը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան հանձնվել է ԱՄՆ պետական դեպարտամենտին հասցեագրված նոտա՝ այդ երկրի քաղաքացի Դեն Բիլզերյանի այցի առնչությամբ Ադրբեջանի օկուպացված տարածքներ», - հայտնել է Հ.Հաջիևը:
Ըստ նրա, Գիլին հայտնել են, որ Դ.Բիլզերյանը խախտել է «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի մասին» օրենքը, «Միգրացիոն օրենսգիրքը» և «առանց համապատասխան փաստաթղթերի Հայաստանի տարածքով այցելել ադրբեջանական օկուպացված տարածքներ՝ շրջանցելով հաստատված հսկիչ անցակետերը»:
«Գտնվելով Խանքենդի և այլ օկուպացված տարածքներում՝ նա զբաղվել է անօրինական ռեժիմի քարոզչությամբ, ապօրինի ձեռք է բերել հրազեն և սադրիչ նպատակներով դրանից ցուցադրական կրակ բացել Ադրբեջանի Զինված ուժերի դիրքերի ուղղությամբ», - ասել է Հաջիևը:
«Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ ԱՄՆ կառավարությունն ամենայն լրջությամբ կվերաբերվի պաշտոնական Բաքվի մտահոգություններին՝ Դ. Բիլզերյանի անօրինական գործողությունների կապակցությամբ և կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, որպեսզի հետագայում ամերիկյան քաղաքացիները ձեռնպահ մնան Ադրբեջանի օկուպացված տարածքներ այցելելուց», - ասել է Հ. Հաջիևը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայազգի ամերիկացի միլիոնատեր, «պոկերի թագավոր» Դան Բիլզերյանը մտադիր է իրականացնել լայնածավալ ծրագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Aysor.am-ի տեղեկություններով՝ հենց այդ նպատակով էլ նա մեկնել էր Արցախ:
Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել էր լուսանկարներ և տեսանյութեր՝ նշելով, որ ամերիկացի միլիոնատեր, հայազգի Դեն Բիլզերանը հյուրընկալվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին: