05/09/2018 13:30
ՀՀԿ-ն փաստի առաջ է կանգնեցնում «Ելք»-ին. կողմ են «Մարտի 1-ի» տուժածներին փոխհատուցելու նախագծին` առաջարկելով դիտարկել «Հոկտեմբերի 27»-ը (Տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ներկայացրեց «2008 թվականի մարտի 1, 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Հիշեցնենք՝ այս նախագիծը, որը նախատեսում է մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ տասը զոհերի հարազատներին փոխհատուցում տալու կարգը, առաջին անգամ չի ներկայացվում խորհրդարանին։ Այն դեռ պատգամավոր աշխատելու տարիներին ներկայացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն ամեն անգամ հանդիպել էր մերժման. Խորհրդարանական մեծամասնությունը անհրաժեշտ չէր համարել այդ օրինագիծը ընդունելը։
Այս անգամ, սակայն, խորհրդարանական նախկին մեծամասնություն Հանրապետական խմբակցությունը հանդես եկավ այլ կոնտր առաջարկով։ Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ իրենք կողմ են Ալեն Սիմոնյանի ներկայացրած օրինագծին, բայց ունեն առաջարկություններ։
Կոստանյանը հիշեցրեց, որ նախկինում, երբ Փաշինյանն էր ներկայացնում օրինագիծը, իրենք դեմ են եղել, սակայն այժմ իրավիճակն այլ է։ Ավելին, Կոստանյանը ողջունեց օրինագիծը ու հայտարարեց, որ իրենք կողմ են դրան, քանի որ փոխհատուցում բռնությունների զոհերին կարող են տրվել ոչ թե դատարանների որոշմամբ, այլ` օրենքով սահմանված կարգով։
«Մենք նաև առաջարկություն ենք ներկայացնելու, որ ընդլայնենք բռնությամբ կատարվող հանցագործությունների, այդ թվում՝ Հոկտեմբերի 27-ի, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների, ովքեր բացի սահմանված կարգով ստանում են պաշտպանության նախարարությունից, այս օրենքով ևս տրամադրվեն փոխհատուցումներ։ Այսինքն՝ մենք գնանք այն ճանապարհով, որ և մարտի 1-ի դեպքերի զոհերի և մյուս դեպքերից տուժածներին տրվի փոխհատուցում։ Այսինքն՝ ընդլայնված կոնցեպտ դնենք այս ամենի հիմքում», - իրենց դիրքորոշումը ներկայացրեց Գևորգ Կոստանյանը։
Արձագանքելով նրան` Ալեն Սիմոնյանը ողջունեց Հանրապետականների նախաձեռնությունը, բայց նկատեց, որ մարտիմեկյան դեպքերը պետք է առանձնացնել՝ չնույնացնելու շատ տարբեր դեպքերի հետևանքները։
«Կարծում եմ՝ քաղաքական առումով սա ճիշտ կլինի», - ասաց Սիմոնյանը։
ԱԺ փոխնախագահ, հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանն իր հերթին նկատեց, որ բռնությամբ կատարված հանցագործությունների մասին օրենքները եվրոպական երկրներում կան, գործում են։ «Բացի այդ, կա կոնվենցիա, որ մենք ուզենք էլ, չենք կարող զերծ մնալ մարտի մեկի դեպքերի հետ կապված դուրս գալ այդ կոնվենցիոն պարտավորությունների շրջանակից։ Բոլոր այդ տեղերում խոսքը բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին է։ Կոնվենցիայի նպատակը արդարության ու համերաշխության վերականգնումն է հասարակության մեջ», - նկատեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է հստակեցնել փոխհատուցման շրջանակները։
«Հոկտեմբերի 27»-ը ևս հանցագործություն է և դրանից տուժածները, ըստ Հովհաննիսյանի, նույնպես պետք է փոխհատուցում ստանան։
Օրինագծի շուրջ քննարկում չծավալվեց, և նիստը նախագահող Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ հանձնաժողովում առաջիկայում օրինագծի քննարկում կկազմակերպվի։