05/09/2018 10:19
Մենք քաջալերում ենք ՀՀ կառավարությանը՝ շարունակել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
ԱՄՆ-ը հավատացած է՝ գերազանց հնարավորություններ կան ամերիկյան և հայկական բիզնեսների համար միասին աշխատելու և ծաղկում ապրելու համար, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։
«Մենք հավատացած ենք, որ բիզնեսի և առևտրի համար կան իրական հնարավորություններ, որոնք երկուստեք շահավետ են, և մենք քաջալերում ենք ՀՀ կառավարությանը՝ շարունակել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները: Ներդրումային միջավայրը կարող է փխրուն լինել. մի սխալ որոշում, մի սխալ քայլ կարող է ներդրողներին վախեցնել: Կարծում եմ՝ կառավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել գործարար միջավայրի համար ձևավորվող աշխատանքները», - նշեց նա։
Խոսելով ԱՄՆ դեսպանության կողմից անցկացվող Ֆրենչայզինգի համաժողովի մասին՝ դեսպանն ասաց, որ այն կապեր է ստեղծում ամերիկյան գործարարների և հայ ներդրողների միջև։
«Այստեղ են հավաքվել ամերիկյան ֆրենչայզային ընկերություններն ու հայկական ներդրողները: Այս համաժողովին Հայաստանից մասնակցում են բիզնեսի և կառավարության՝ հիսունից ավելի ներկայացուցիչներ, մի քանի ամերիկյան բիզնեսներ։ Նրանք այստեղ են, որպեսզի միմյանց հետ խոսեն համատեղ ֆրենչայզային գործունեություն ծավալելու հարցերի շուրջ», - ասաց ՀՀ֊ում ԱՄՆ դեսպանը: