05/09/2018 11:40
Առաջիկայում Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերից 140 միլիոն դրամ գումար կվերադարձնեն պետբյուջե. Դավիթ Սանասարյան
Կան օբյեկտիվ դժգոհություններ, թե ինչ է անում Պետական վերահսկողական ծառայությունն այս ընթացքում, լրագրողների հետ հանդիպմանն, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, ասաց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։
«Ուզում եմ իմանաք, որ զրոյից կառույց հիմնելը շատ դժվար, բայց շատ հաճելի գործ է», - նշեց Սանասարյանը։
Նա ասաց, որ առաջինը վերահսկողություն են իրականացրել Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերում, «Լուսանշան» ՊՈԱԿ-ում։ Բոլոր կառույցներում, ըստ նախնական գնահատականի, հանցակազմ պարունակող իրավիճակներ են եղել։
«Առաջիկայում Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերից 140 միլիոն դրամ գումար կվերադարձնեն պետբյուջե։ «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ի տնօրենը պատրաստակամություն է հայտնել 100 միլիոն դրամ գումար վերադարձնել պետբյուջե», - ասաց Դավիթ Սանասարյանը` ընդգծելով, թե հենց այնպես թվեր չի ասում, տնօրեններն իրենք են եկել և պատրաստակամություն հայտնել այդ գումարները վերադարձնելու։
Ծառայության ղեկավարը նշեց, որ իրենց գործը բյուջե գումար բերելը չէ, այլ՝ ուսումնասիրություն անելը։
«Ամենաանմխիթար վիճակներից մեկն Ագրարային համալսարանում է։ Ես հիմա թվեր չեմ ասելու, բայց կասեմ, որ բազմաթիվ են խախտումները գնումների, աշխատավարձերի տեսքով, չգիտեմ՝ ում և ինչի հիման վրա են աշխատավարձ տվել», - ասաց Դավիթ Սանասարյանը։
Նա նշեց նաև, որ չկա մի պետական կառույց, որտեղ քաղաքացիներին ընդունում են այնպես, ինչպես՝ Վերահսկողական ծառայությունում։