05/09/2018 12:35
Քոչարյանի անձնագիրը պահող պաշտոնատար անձանց համար, հնարավոր է, պահանջվի քրեական պատասխանատվություն (Տեսանյութ)
Քանի դեռ մեղադրյալի նկատմամբ չկա խափանման միջոց, նրա անձնագիրը վարույթ իրականացնող մարմնի մոտ պահելն ապօրինի է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։
«Քանի դեռ մեղադրյալի նկատմամբ չկա խափանման միջոց, անձը հաստատող փաստաթուղթ չի կարող պահվել վարույթ իրականացնող մարմնի մոտ։ Սա այն հարցն է, որ ցանկացած իրավաբանի դիմեք, նույն պատասխանն է տալու», - ասաց փաստաբանն՝ ընդգծելով.
«Իսկ լինելն ուղղակի օրենքի խախտում է, ինչը պետք է առաջացնի հետևանքներ, ինչպես կարգապահական ոլորտում, այնպես էլ՝ մենք նաև կքննարկենք որոշ պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ վերացել էր և նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չէր կիրառվել։
Այժմ, երբ տարածվեցին տեղեկություններ, որ Քոչարյանը պատրաստվում է մեկնել երկրից, նախաքննական մարմինը որոշեց երկրից չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոց ընտրել երկրորդ նախագահի նկատմամբ։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանին մարտի մեկի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում մեղադրանքն առաջադրվել է Հայաստանում 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա 17 օր մնաց անազատության մեջ, սակայն Վերաքննիչ դատարանը բավարարեց Քոչարյանի փաստաբանների բողոքը, և նա ազատ արձակվեց։