05/09/2018 16:27
Ինչ է իրականում ասել Հայաստանում ԱՄՆ դեսպանը. Պարզաբանում
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը ներկայացրել է ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին նվիրված այսօրվա համաժողովի ընթացքում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի և լրագրողների ճեպազրույցի սղագրությունը՝ հայերեն թարգմանությամբ՝ դեսպանի խոսքի սխալ մեկնաբանության հետագա տարածումը կանխելու նպատակով:
Հիշեցնենք, պատասխանելով լրագրողների հարցին՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի՝ ներհայաստանյան զարգացումների վերաբերյալ հայտարարության մասին, դեսպանն ասել էր, որ դրան պետք է արձագանքի Հայաստանի կառավարությունը, ոչ թե ԱՄՆ դեսպանը: Սակայն հայկական լրատվադաշտում դեսպանի խոսքն ընկալվել էր որպես ուղղորդում կամ հորդոր՝ ուղղված Հայաստանի կառավարությանը:
Ներկայացնում ենք սղագրությունն ամբողջությամբ:
Հարց. Վերջին օրերին, վերջին շրջանում հաճախ կարելի է Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների կողմից Հայաստանի ներքին իրավիճակի հետ կապված գնահատականներ լսել: Չե՞ք կարծում որ դա ճնշում է Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ և միջամտություն Հայաստանի ներքին գործերին: Նկատի ունեմ Լավրովի հայտարարությունները և այլ:
Դեսպան. Տեսել եմ այդ գնահատականները, արձագանքները: Հայաստանի կառավարությունը պետք է արձագանքի այդ մեկնաբանություններին [Այս նախադասության բառացի թարգմանությունը հետևյալն է. Ռուսաստանի կառավարության մեկնաբանություններին արձագանքելը Հայաստանի կառավարության գործն է (It is for the Armenian government to respond to comments from the Russian government)] Մեր դիրքորոշումը եղել և մնում է այն, որ մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ և օբյեկտիվ քննություն իրականացվի և կարևոր է որ այս քննությունը իրականացվի իրավունքի գերակայության և Հայաստանի պատշաճ իրավական գործընթացների շրջանակում:
Հարց. Առևտրային հարաբերությունները ինչպես են զարգանում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև: Ի՞նչ խոչընդոտներ եք տեսնում այս պահին:
Այսօր մենք այստեղ են մեկ կարևոր զարգացում հայ-ամերիկյան առևտրային հարաբերություններում նշանավորելու. այսօր 1-օրյա համաժողով է անցկացվում դեսպանության հովանու ներքո, որի շրջանակում մեկ հարկի տակ են հավաքվում ամերիկյան ֆրանշիզային ընկերությունները և հայկական ներդրողները: Սա նշանակում է, որ մենք հավատացած ենք, որ գերազանց հնարավորություններ կան ամերիկյան բիզնեսի, հայկական բիզնեսի համար այստեղ միասին աշխատելու և ծաղկում ապրելու համար: Այսօր այս համաժողովին Հայաստանից մասնակցում են 50-ից ավելի բիզնեսի և կառավարության ներկայացուցիչներ և մի քանի խոշոր ամերիկյան բիզնեսներ, և նրանք այստեղ են միմյանց հետ խոսելու համատեղ ֆրանշիզային գործունեություն ծավալելու հարցերի շուրջ: Ինչպես նշեցի, մենք հավատացած ենք, որ բիզնեսի և առևտրի համար կան իրական հնարավորություններ, որոնք երկուստեք շահավետ են: Եվ մենք քաջալերում ենք Հայաստանի կառավարությանը շարունակել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները: Բիզնես միջավայրը, ներդրումային միջավայրը կարող է փխրուն լինել: Կարող է լինել մի վատ որոշում, մի սխալ քայլ և դա կարող է ներդրողներին վախեցնել: Եվ կարծում եմ կառավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել գործարար միջավայրի ձևավորման աշխատանքները: