05/09/2018 10:04
Մեր դիրքորոշումը եղել և մնում է այն, որ Մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ քննություն իրականացվի. Ռիչարդ Միլս (Տեսանյութ)
Ռուսաստանի հայտարարություններին Հայաստանի կառավարությունը պետք է արձագանքի, ոչ թե՝ ԱՄՆ դեսպանը, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։
«Մեր դիրքորոշումը եղել և մնում է այն, որ Մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ քննություն իրականացվի: Եվ կարևոր է, որ այդ քննությունն իրականացվի իրավունքի գերակայության և Հայաստանի պատշաճ իրավական գործընթացների շրջանակներում», -ասաց դեսպանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան Հայաստանի ներքին գործն է համարում այդ երկրի նախկին իշխանությունների դեմ տարվող հետաքննությունը, սակայն երկրում անհանգիստ վիճակը տագնապ է առաջացնում:
«Իհարկե, մենք մտահոգված ենք, որ Հայաստանում իրավիճակը դեռ եռում է, տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերը հետաքննվում են, դուք գիտեք փաստերի մասին, գիտեք այն ձերբակալությունների մասին, որոնք տեղի են ունենում: Դա, իհարկե, համարում ենք Հայաստանի Հանրապետության ներքին գործը: Եվ մենք, իսկապես, ցանկանում ենք, որ այդ ներքին գործերը մնան օրենքի և Սահմանադրության ամուր հիմքերի վրա և արագ հաղթահարվեն », - ասել էր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: