05/09/2018 11:27
ԱՄՆ դեսպանության ֆրենչայզինգի համաժողովը կապեր է ստեղծում ամերիկյան գործարարների և հայ ներդրողների միջև
Այսօր Երևանում ԱՄՆ դեսպանատունը և ԱՄՆ կոմերցիոն ծառայության Մոսկվայի գրասենյակը՝ ԱյԴի բանկի հետ համատեղ, կազմակերպել էին մեկօրյա համաժողով, որը նվիրված էր ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին:
Այս համաժողովը հայ-ամերիկյան առևտրաներդրումային կապերի խթանմանն ուղղված շարունակական նախաձեռնություններից մեկն էր, որը մասնակիցներին տվեց եզակի ու արժեքավոր հնարավորություն հնարավորինս վաղ իմանալ այն հայտնի ամերիկյան բրենդերի մասին, որոնք հետաքրքրված են հայկական շուկայում իրենց ներկայության հաստատմամբ:
«Գիտեմ, որ այսօր սկիզբ կառնեն բազմաթիվ հաջող ձեռնարկներ: Հուսով եմ, որ ԱՄՆ դեսպանատունը կկարողանա պարարտ հող նախապատրաստել հայաստանյան գործարարների և ամերիկյան ընկերությունների միջև կապերի ձևավորման համար, ապա մենք հետ կքաշվենք, և դուք արդեն կանեք այն, ինչ ձեզ մոտ լավ է ստացվում և կզարգացնենք ձեր բիզնեսը», - բացման խոսքում ասաց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Ֆրենչայզինգի համաժողովը մեկ հարկի տակ էր հավաքել հայ և ամերիկացի գործարարներին՝ օգնելով ձևավորել նոր գործընկերություններ հյուրընկալության, մանրածախ վաճառքի, զբոսաշրջության ոլորտներում: Երեք ամերիկյան կորպորացիաների՝ Papa John’s Pizza-ի, Baskin Robbins-ի և Domino’s Pizza-ի ներկայացուցիչների հետ միասին համաժողովին ներկա էին ավելի քան 50 հայ գործարար և պետական պաշտոնյա: Ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչները հստակեցրին ֆրենչայզինգի իրենց կոնցեպտը և ծանոթացան հայաստանյան գործարար միջավայրի առանձնահատկություններին:
Համաժողովում ամերիկյան ընկերությունների կողմից ֆրենչայզինգային պայմանների մասին ելույթներից զատ եղան նաև ելույթներ տեղական հայտնի ընկերությունների կողմից՝ բիզնեսի, իրավական ու ֆինանսական հարցերի, ինչպես նաև ֆրենչայզինգի զարգացման համատեքստում մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության կարևորության մասին:
2015թ. նմանատիպ համաժողովին հաջորդել էր Tutti-Frutti Frozen Yogurts-ի երկու կետերի բացումը՝ տեղի գործընկերների հետ ձեռք բերված ֆրենչայզինգի պայմանավորվածության համաձայն, և այս միջոցառումը միտված էր նպաստել նմանօրինակ նոր զարգացումներին: