06/09/2018 20:30
Գողերը պատի մեջ անցք են բացել բանկոմատը թալանելու համար, սակայն հայտնվել են բոլորովին այլ վայրում
Մեծ Բրիտանիայի Ռոսենդեյլ քաղաքում գողության զավեշտալի փորձ է տեղի ունեցել. գողերը բանկի մասնաճյուղ մտնելու փոխարեն հայտնվել են ապահովագրական գործակալների գրասենյակում, հայտնում է Manchester evening news-ը:
Գողերը մտադիր են եղել թալանել երկու բանկոմատ, ինչի համար էլ կոտրել են բանկի դուռն ու պատը։ Սակայն այստեղ նրանց սպասել է տհաճ անակնկալ․ գողերը հայտնվել են ոչ թե բանկում, այլ՝ հարևան ապահովագրական գործակալների գրասենյակում։ Հասկանալով, որ այլևս ոչինչ անել չեն կարող՝ նրանք սկսել են խուզարկել գրասենյակի տարածքը, սակայն 20 ֆունտ ստեռլինգից բացի ոչինչ չեն գտել։
«Երբ ես առավոտյան գրասենյակ եկա՝ ապշած մնացի»,- պատմել է գրասենյակի տնօրենը, որը վաղ առավոտյան իր աշխատանքային տարածքն ամբողջովին ավերված վիճակում է հայտնաբերել, իսկ պատի մեջ՝ հսկա անցք։
Տնօրենին ուրախացնում է միայն այն, որ գողերը չեն փնտրել տեղեկատվություն գրասենյակի այցելուների մասին ու չեն գողացել եղած տեխնիկան։