06/09/2018 14:22
Եկել է տնտեսական բարեփոխումներով տնտեսությանը զարկ տալու ժամանակը. ՀՀ վարչապետ
Եկել է տնտեսական բարեփոխումներով տնտեսությանը զարկ տալու ժամանակը, Facebook-յան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ու նաև շղթայական ռեակցիա հարուցելու ժամանակը, երբ որ բազմաթիվ հարցեր կլուծվեն և բազմաթիվ հարցերի լուծման շղթայական գործընթացը կսկսի, այսինքն՝ նրանք, որոնք վերջնական լուծումներ չեն ստանա, առնվազն նրանց լուծման գործընթացը կսկսի», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ համոզված է՝ ՀՀ քաղաքացիները լավատես են։
«Մեր ամենակարևոր կարգախոսը, ըստ էության, արդեն իսկ իրականություն է դարձել, և այդ կարգախոսը հետևյալն է, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է մեկ բարձրագույն սուբյեկտի ու այդ սուբյկետը հայ ժողովուրդն է», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն իրեն վարչապետի կարգավիճակում համարում է ՀՀ քաղաքացիների ներկայացուցիչը։
«Իմ այստեղ լինելը իմաստավորվել է, իմաստավորվում է ու կիմաստավորվի միայն ու միայն այդ կարգավիճակի բերումով», - ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանում իշխանության ճակատագիրը որոշում է ժողովուրդը։
«Այն պահին, երբ որ կհեռանամ վարչապետի կարգավիճակից, պետք է լինեն այլևս ինստիտուցիոնալ երաշխիքներ, որ որևէ մեկին հնարավորություն չեն տա իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից», - ասաց նա։