06/09/2018 16:19
Հայաստանում գրպանահատությունը կքրեականացվի
Կառավարության նիստում այսօր հավանության արժանացած օրենքների նախագծերով կքրեականացվի գրպանահատությունը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Այս որոշման պատճառը, նախարարի ներկայացմամբ, գրպանահատության դեպքերի կտրուկ աճն է, որոնք կազմում են գողությունների բոլոր դեպքերի մոտ 65 տոկոսը։ Այն ներառում է նաև տրանսպորտում գողության դեպքերը (պայուսակներից և այլն)։
Պաշտոնյայի ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն, այս տարիներին քրեական վարույթ է իրականացվել 5160 անձի նկատմամբ, որոնցից 4049-ի նկատմամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, 776-ի նկատմամբ՝ կարճվել, որից 309-ը՝ դիմողի բողոքի բացակայությամբ պայմանավորված: Քրեական պատասխանատվության է ենթարկվել ընդամենը 119 անձ։
Ավելին, 2015-2018թթ ընթացքում եղել են դեպքեր, երբ միևնույն անձինք տասնյակ անգամները, ընդհուպ՝ 121 անգամ, քրեական վարույթով ներգրաված են եղել գողության հատկանիշներով (առավելապես կատարված գրպանահատության եղանակով): Նախարարն ասել է, թե պետք է նկատի ունենալ, որ գրպանահատության դեպքերի իրական քանակը, դրանց զոհերի թիվը շատ ավելի մեծ է, քանի որ զոհերի միայն մի մասն է դրա մասին հայտնում իրավապահ մարմիններին:
Զեյնալյանը նաև տեղեկացրել է, որ նախագծի հեղինակն իր տեղակալ Արտակ Ասատրյանն է: