06/09/2018 13:48
Այդ տեղի համար դժվարին մրցույթ եմ հաղթահարել. լրագրող, դերասան Դավիթ Գրիգորյանն՝ Առաջին ալիքի «Լուրեր»-ի մեկնաբան
Առաջին ալիքի լրատվական ծրագիրն այսուհետ եթեր կհեռարձակվի «Լուրեր» անվանումով: Հատկանշական է, որ փոխվել է ոչ միայն ծրագրի անունը, այլև՝ մեկնաբանների կազմը, որոնցում ընդգրկված է նաև հաղորդավար, լրագրող Դավիթ Գրիգորյանը: Aysor.am-ի հետ զրույցում վերջինս ընդգծեց՝ սա ոչ թե հրավեր է եղել, այլ՝ մրցույթ:
«Դեռևս նախորդ ամիս Առաջին ալիքի լրատվական ծառայությունը հայտարարել էր լրատվական թողարկումների մեկնաբանների մրցույթ, որի մասին հայտարարությունը լայն տարածում գտավ համացանցում: Մրցույթին ծանոթացել եմ հենց այդ տարբերակով ու դիմել եմ, ինչպես դիմել են ևս 105 հոգի… Իրականում, այդ տեղի համար դժվարին մրցույթ եմ հաղաթահարել ու տարբեր մասնագետների՝ բեմական խոսքի, լոգոպետների հետ աշխատանքի արդյունքում ընտրվել եմ որպես մեկնաբան», - մանրամասնեց մեր զրուցակիցը:
Դավիթ Գրիգորյանը լրագրության ոլորտում է դեռ պատանեկությունից՝ 15 տարեկանից: Մասնակցել է մանկական «Մենք ենք» միջազգային հեռուստանախագծին, զինվորական ծառայությունն անցել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում՝ որպես «Զինուժի» լրագրող, ապա՝ Ոստիկանության լրատվության վարչությունում, ATV հեռուստաընկերության լրատվական ու վերլուծական ծրագրերում: Հեղինակ է մի շարք հաղորդումների: Մասնագիտական փորձառություն է ձեռք բերել նաև Գերմանիայի WTV հեռուստալիքում՝ 2015-2016 թվականներին:
Հարցին՝ դժվար չէ՞ր կրկին լրատվական դաշտ վերադառնալու որոշում կայացնելը, հատկապես, որ այս անգամ հասցեն Հանրային հեռուստաընկերությունն է, պատասխանեց.
«Կարծում եմ, որ որոշումս թեթև տրվեց: Վերջապես լրագրող եմ ու տեղեկատվությունն էլ քաղցր ճահիճ է, որը վաղ թե ուշ կրկին քաշում է իր մեջ: Պատասխանատվության տեսանկյունից, ինչ խոսք, Առաջինի եթերը պարտավորեցնող է: Այստեղ զգոնությունն ու հմտությունները առաջնային են: Սակայն ես չեմ պատկանում բարդություններից խուսափող մարդկանց դասին ու պատրաստ եմ ընդունել ու հաղթահարել յուրաքանչյուր մարտահրավեր»:
Ի դեպ, հեռուստադիտողը նրան առավել շատ ճանաչեց ու սիրեց շուրջ երկու-երեք տարի առաջ նկարահանված «Աբելի քույրը» սերիալից՝ գլխավոր հերոսի կերպարում: Նկատում է՝ Գերմանիայից վերադառնալուց հետո ստացավ այդ առաջարկն ու որոշեց ուժերը փորձել նաև այդ բնագավառում: Վերջին շրջանում էլ մի շարք առաջարկներ եղան տարբեր նախագծերից, սակայն ստիպված էր հրաժարվել:
«Այժմ կրկին վերադառնում եմ այնտեղ, որտեղից սկսվել է իմ հեռուստատեսային կյանքը: Կյանքիս այս փուլում դերասանությամբ զբաղվել այլևս չեմ կարողանա: Համատեղել՝ նույնպես: Գուցե հետո ֆիլմ կամ սերիալ վերադառնամ, երբ զգամ, որ լրատվությունից մի քիչ հանգստանալ է պետք: Սակայն մոտակա տարիների հեռանկարում ուզում եմ զբաղվել հենց իմ հին ու բարի, լարված ու շարժուն, իրադարձությունների զարկերակը զգալու միակ մասնագիտությամբ՝ լրագրությյամբ», - շեշտեց նա:
Շուրջ մեկ ամիս առաջ լույսաշխարհ եկան Դավիթ Գրիգորյանի առաջնեկները՝ Լունան ու Սիենան: Aysor.am-ը հետաքրքրվեց նաև փոքրիկների որպիսությամբ:
«Այս երկու անունների հետ կյանքս բաժանվեց երկու հավասար մասի: Այժմ ես այլ մարդ եմ, այլ էությամբ ու բնույթով: Դստրիկներս շատ լավ են, փառք Աստծո: Օրեցօր բկլիկանում են, մայրիկի պես զուսպ են, չեն լացում երբեք ու իմաստուն աչուկներով հետևում են, թե ինչ է տեղի ունենում իրենց շուրջը: Եթե մինչ նրանց ծնունդը ես ու կինս միմյանց սիրող զույգ էինք՝ մեր ճանապարհորդությունների ու նպատակների իրագործման օրակարգով, ապա այժմ մենք ծնող ենք, լիակատար ընտանիքով ու միմիայն բալիկների օրակարգով տարված: Հավատացեք, սիրտս պայթում է օրվա ընթացքում, ու ամեն վայրկյան ուզում եմ երկուսին էլ գրկել, կարոտս առնել, սակայն աշխատել էլ է պետք ու առաջին հերթին՝ հանուն հենց իրենց», - ժպիտով խոստովանեց նա:
Երեխաների խնամքի հարցում նորաթուխ ծնողներին օգնում են մայրիկներն ու հորաքույրները: Մեկնաբանը կեսկատակ-կեսլուրջ, ժպիտով նկատում է՝ նրանք որ չլինեին, ինքն ու կինը լուսնորդներ կդառնային:
Անդրադառնալով Լունայի ու Սիենայի մկրտությանը՝ Դավիթ Գրիգորյանը որևէ օր նշել չցանկացավ:
«Բալիկներիս քառասուն օրեկանինց հետո միայն, կարծում եմ, կմտածենք մկրտության մասին», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց նա: