06/09/2018 15:22
«Սասնա ծռեր» ներկայացման պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 27-ին. գլխավոր դերում Խորեն Լևոնյանն է
Սեպտեմբերի 27-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում պրեմիերա է: «Սասնա ծռեր» բեմադրության հիմքում հայ ժողովրդական էպոսն է. հերոսական անպարտելի ոգի, դյուցազունների սխրանքներ և հայ ժողովրդի՝ իր ոսոխների դեմ մղած դարավոր պայքար:
Բոլորին հայտնի էպոսը արդեն իսկ ներկայացման տեսքով հանդիսատեսին կմատուցվի նոր ու ժամանակակից լուծումներով։
Դերասանական կազմում ընդգրկված են ՀՀ Վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը, Հովհաննես Գասպարյանը, Սոնա Մաթևոսյանը,Դավիթ Գասպարյանը, Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Ռուզաննա Հախնազարյանը, Լուսինե Կոստանյանը:
Ի դեպ, տարեվերջին Արմեն Էլբակյանի առաջարկով ու հրավերով սունդուկյանցիների դերասանական ընտանիքը համալրած Խորեն Լևոնյանի համար այս ներկայացումը նորամուտ է: Դեռ այն ժամանակ Aysor.am-ի հետ զրույցի ընթացքում թատրոնի գեղարվեստական ղեկավարը տեղեկացրել էր, որ դերասանին թատրոն միանգամից դերով է հրավիրել:
«Երիտասարդ ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը բեմադրում է «Սասնա ծռեր» ներկայացումը՝ հիմնված «Սասունցի Դավիթ» էպոսի վրա, որտեղ Խորենը կմարմնավորի հենց Դավիթին: Ռեժիսորը շատ գոհ է իմ՝ Խորենին հրավիրելու գաղափարից, գոհ է նրա աշխատանքից», - նշել էր Արմեն Էլբակյանը:
Ներկայացման տարբերակի և բեմադրության հեղինակը Սամսոն Մովսեսյանն է, նկարիչը՝ Վիկտորիա Հովհաննիսյանը, զգեստների նկարիչը՝ Անժելա Գալստյանը: Կոմպոզիտորն է Վաչե Շարաֆյան, ներկայացման պարային համարները վստահվել են Աիդա Սիմոնյանին: