07/09/2018 14:43
Երկու շիշ խմիչք տանից ու 50 հազար դրամ. Ինչպես հիմնվեց Ստեփանակերտի միակ փաբը՝ «Բարդակը»
Եթե Արցախում եք և ուզում եք երեկոյան լավ ու հետաքրքիր ժամանակ անցկացնել, ապա ձեզ խորհուրդ կտան Ազատի մոտ կամ նույն ինքը՝ Ստեփանակերտի միակ ու անկրկնելի փաբը՝ «Բարդակ»-ը։
2016-ին է բացվել «Բարդակը»։
Տարածքն Ազատինն է, մինչև 2016 թվականը ընկերներով են պարզապես հավաքվել, իսկ մի օր որոշում է կայացրել, որ եկել է Ստեփանակերտում փաբ հիմնելու ժամանակը։
«Ապրիլյան պատերազմից հետո պետք է բացվեր խաղասրահ, որտեղ մարդիկ խաղում էին Playstation համակարգերով, հետո այնպես ստացվեց, որ փակվեց, տեղը մնաց, բայց, սովորության համաձայն, երեկոները այստեղ հավաքվում էինք։ Հետո որոշեցի՝ քանի որ նաև տուրիզմով եմ զբաղվում, տուրիզմի «օֆիս» բացեմ, հետո հասկացա, որ դրա կաիրքը դեռ չկա, ավելի լավ է բացեմ անտիկաֆե։
Սկսեցի ուսումնասիրել անտիկաֆեի նրբությունները, հասկացա, որ տեղը շատ փոքր է անտիկաֆեի համար, աչքովս ընկավ, որ այս տարածքին համապատասխան փաբն է, որոշեցի, որ ժամանակն է փաբ բացել Արցախում», - պատմում է Ազատը։
Նշում է՝ որոշումն իր համար ռիսկային չի եղել։
«Մասսան, որ այստեղ հավաքվում էր, այն մարդիկ էին, որ փաբին համապատասխան էին, երաժշտությունը, ճաշակը, ամեն ինչը համապատասխանում էր, քանի որ տարածքն էլ իմն է, գիտեի, որ ռիսկի առաջ չէի կանգնելու, քանի որ մինիմալ ծախսերով եմ բացել», - նշում է նա։
Տարածքի ողջ դիզայնն ու կահավորումն Ազատն անձամբ է արել։
«Ամեն ինչ արել եմ իմ ձեռքով, վարպետ չի աշխատել, չորս շիշ խմիչք էր, երկուսը տնից էի բերել, մեկը իմ ծնունդին, մյուսը պապայի ծնունդին էին տվել, էն երկուսն էլ գնել էի։ 30 հազար խմիչքներին եմ տվել, ընդհանուր 50 հազարով եմ սկսել», - պատմում է «Բարդակ»-ի Ազատը։
Ազատ Ադամյանը նաև պարտաճանաչ հարկատու է։
«Ուրախ եմ, որ պետք է հարկվեմ։ Մարդ, եթե աշխատում է, պետք է նաև հարկ տա։ Մի պատմություն եղավ, որ հարկերը կտրուկ՝ 50 տոկոսով բարձրացրին, ես բողոքեցի, քանի որ ես տալիս էի այնքան հարկ, ինչ-որ, օրինակ, լավ աշխատող ռեստորանը։ Ինձ հասկացան, ընդունեցին բողոքս ու ասեցին, որ օրենքի շրջանակներում ամեն ինչ կանեն, որ հարկերը իջեցնեն ու խոստումը կատարվեց», - ասում է նա։
Խնդիրների առաջ Ազատը չի կանգնել. Նշում է՝ ամենամեծ խնդիրն իր համար եղել է այն, որ ժողովրդին սովորեցներ, թե ինչ է փաբը։
«Երեկոները, երբ բոլոր տեղերը փակվում էր, այստեղ շատ էին գալիս-լցվում, բայց ես բոլորին հասկացնում էի, որ սա ձեր տեղը չէ», -ասում է Ազատը։
«Բարդակ» այցելում են հիմնականում 20-ից 50 տարիքային խմբի մարդիկ, նաև՝ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ազատը ցանկություն չունի ընդլայնել գործունեությունը։
«Ինձ ամբողջությամբ բավարարում է տարածքը, տարածքում մի ավտոբուս եմ բերել կանգնեցրել, որն աշխատելու է որպես հոսթել տուրիստների համար, բայց անվճար, որ մարդիկ մի քիչ ավելի շատ հրապուրվեն ու դրա համար այցելեն Արցախ, նպատակս դա է։ Մարդիկ գալիս են, բայց չգիտեն՝ Արցախում հոսթել կա՞, թե չկա, կամ ի՞նչ արժի», - ասում է «Բարդակ»-ի սեփականատերը։
Ազատը պատմում է, որ մի անգամ է կռիվ եղել իր մոտ։
«Արտասահմանցիներ են մտել հարբած ու մի կես ժամ բացատրելուց հետո հասկացան, որ սա իրենց տեղը չէ։ Հաջորդ օրը, երբ ուշքի են եկել, եկան ու ներողություն խնդրեցին», - ասում է նա։
«Բարդակում» միայն խմիչքների տեսականի է, նաև՝ անվճար սուրճ ու թեյ։ Եթե ցանկություն կա ինչ-որ բան ուտելու, պատվիրում են այլ տեղից։ Ազատը, սակայն, ցանկություն էլ չունի տեղում ուտեստներ պատրաստելու։
«Եթե ես մի բան տալիս եմ, պետք է տամ մակարդակով, ես գինի չեմ տալիս, ինչո՞ւ, որովհետև գինու պահպանման ջերմաստիճանը պետք է հարյուր տոկոսանոց լինի, իսկ այստեղ չեմ կարող։ Մարդ կա տանը պիցցա է թխում, բերում այստեղ ուտում են, պարտադիր չի գալ ինչ-որ բան պատվիրել, ուղղակի պետք է գալ, նստել, զրուցել», - ասում է Արցախի միակ փաբի հիմնադիրը։