07/09/2018 19:48
Սերժ Սարգսյանի եղբոր որդու վերաբերյալ քրեական գործում պատճեններ են, իսկ նախորդ քրեական գործը ոչնչացված է եղել (Տեսանյութ, լուսանկարներ)
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկեց ՀՀ 3-րդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատավարությունը։ Նա մեղադրվում է սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու համար։ Այս գործը, հիշեցնենք, 11 տարվա վաղեմություն ունի և դրա մասին բարձրաձայնվեց իշխանափոխությունից հետո միայն։ Ըստ մեղադրանքի՝ երևան են եկել նոր հանգամանքներ. քաղաքացի Դավիթ Սիմոնյանը տվել է ցուցմունք, որ 2007 թվականի ապրիլի 1-ին իրեն հրազենային վնասվածք հասցրել է Հայկ Սարգսյանը և ոչ թե Արթուր Ղևոնդյանը, ինչպես նշված է եղել անցյալում հարուցված, այնուհետև հաշտության հիմքով կարճված քրեական գործում։
Քրեական գործի նյութերը պատճեններ են, բնօրինակը չկա
Դատարանում ներկա էին Հայկ Սարգսյանի մայրը, կինը և մյուս հարազատները։ Այսօր մեկնարկած դատական նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը մի քանի հարցեր ուղղեց ամբաստանյալ Հայկ Սարգսյանին, որից պարզվեց, որ նա երկու անչափահաս երեխաներ ունի, աշխատել է Երևանի քաղաքապետարանում որպես հասարակական կարգի պահպանության պետի տեղակալ, ունի բարձրագույն կրթություն։ Ամբաստանյալին ներկայացնելուց հետո նրա փաստաբան Երեմ Սարգսյանը տարակուսանք հայտնեց, թե ինչու է այս գործն ընդունվել հենց Աննա Դանիբեկյանի վարույթ, ինչին դատավորը պատասխանեց, որ դա համակարգչային եղանակով բաշխման միջոցով է կատարվել։
Այուհետև փաստաբանը դատարանին միջնորդեց տրամադրել 5 րոպե ժամանակ գործի նյութերը աչքի անցկացնելու համար, որն անելուց հետո հայտարարեց, որ քրեական գործի նյութերը, մասնավորապես, 2007-ին քրեական գործ հարուցելու ու այն կարճելու որոշումը, վկաների՝ այդ թվում արդեն մահացած վկայի ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները պատճենների տեսքով են ու դրանց ճշգրտության ապացուցման խնդիր կա։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ փաստաբանը տարակուսանք հայտնեց, թե դատարանն ինչպե՞ս պետք է ոչ հավաստի պատճեների վրա դատաքննություն իրականացնի։
«Գտնում եմ, որ դատարանը պետք է վարույթն իրականացնող մարմնից պահանջի այդ պատճենների պատշաճ հավաստում, որից հետո կարող ենք այս դատաքննությունը շարունակել», - հայտարարեց փաստաբանը ու դատարանին միջնորդեց վարույթն իրականացնող մարմնից պահանջել հաստատել պատճենների ճշգրտությունը։ Դատավորը չգիտեր՝ ինչպե՞ս պետք է հավաստի նախաքննական մարմինը և հետաքրքրվեց՝ ի՞նչ եղանակով։ Փաստաբանն էլ արձագանքեց՝ ինքը չէ, որ պետք է ասի հավաստման մեթոդները և հուշեց, որ պետք է ներկայացնել քրեական գործի բնօրինակը։ Իսկ բնօրինակը, ինչպես հետո պարզվեց, գոյություն չունի, ոչնչացվել է։
Մեղադրող դատախազ Առաքելյանն առարկեց ներկայացված միջնորդությանը և հայտարարեց, որ քրեական գործի նյութերը ձեռք են բերվել քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։
«Բոլոր պատճենները, որոնք դրված են մեղադրանքի հիմքում, վավերացված են, իսկ եթե կան փաստաթղթեր, որոնք, ըստ պաշտպանի, չեն բավարարի քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին, ապա նա կոնկրետ փուլում կարող է հանդես գալ կոնկրետ միջնորդությամբ», - հայտարարեց դատախազը՝ խոստանալով ապացույցները ներկայացնել ըստ պատշաճի։
Այդուհանդերձ, դատավոր Դանիբեկյանը չբավարարեց պաշտպանի միջնորդությունը և ասաց, որ նա կարող է նույն միջնորդությունը դատավարության ցանկացած փուլում ներկայացնել։
«Ինչպես կանխատեսում է, դատարանն այս գործով ակնհայտ կաշկանդվածություն արդեն իսկ ցուցաբերում է և հստակ ցույց տվեց, որ միտված չէ արդար դատավարություն իրականացնել», - եզրակացրեց փաստաբանը՝ հորդորելով մի կողմ թողնել կաշկանդվածությունը ու արդար դատաքննություն իրականացնել։
Բացարկ՝ դատախազին և դարձյալ մերժում
Առաջին միջնորդության վերաբերյալ դատարանի կողմից մերժում ստանալուց հետո փաստաբանը բացարկ ներկայացրեց գործող մեղադրանքը ներկայացնող դատախազ Առաքելյանին։ Պաշտպանը նախ հայտարարեց, որ իրավապահ մարմինների՝ քննչական կոմիտեի, ոստիկանության ու դատախազության առանձին պաշտոնյաներ Հայկ Սարգսյանի գործով «բացահայտորեն անտեսել են գործող օրենքները, խախտել են իրավական տարրական նորմերը՝ փորձելով հասնել իրենց առջև դրված խնդիրներին»։ Այնուհետև փաստաբանն ասաց, որ քրեական գործը անօրինական ճանապարհով է պատրաստվել, միակողմանի՝ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկվելու նպատակով, իսկ դա արվել է գործող հսկողություն իրականացնող դատախազ Առաքելյանի թողտվությամբ։
«Դատախազի միակ խնդիրը Հայկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելն ու մեղադրական դատավճռի հասնելն է», - նշեց փաստաբանը։
Միջնորդությունը ներկայացնելիս փաստաբան Երեմ Սարգսյանը ուշագրավ հանգամանք մատնանշեց։ Նա հայտարարեց, որ ոստիկանության տեղեկատվական կենտրոնի պետը գրությամբ հուլիսի 13-ին տեղեկացրել է, որ 2007 թվականին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործը 2016 թվականի համապատասխան ակտով ոչնչացվել է, քանի որ կորցրել է գործնական նշանակությունը և պահպանման ժամկետը լրացել է։
Սակայն այդքանով հանդերձ, Հայաստանի իրավապահները, Երեմ Սարգսյանի խոսքով, երևան եկած նոր հանգամանքներով քրեական գործ է հարուցվել։
«Եթե քրեական գործը ոչնչացվել է, ապա ինչպե՞ս է դատախազը պարզել, որ Դավիթ Սիմոնյանի դիմումում նշվածը նոր հանգամանք է, ու դա նախկինում հարուցված քրեական գործում չի եղել։ Առավել ևս, պաշտպանության կողմը հավաստի տեղեկություններ ունի, որ Դավիթ Սիմոնյանի հայտնած տեղեկությունները առկա են եղել նախկին, բայց այժմ գոյություն չունեցող քրեական գործում, սակայն դրանք նախաքննությամբ չեն հաստատվել», - հայտարարեց փաստաբանը։
Դատարանը մերժեց դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը և ասաց, որ դա կարելի է լուծել դատավարության ընթացքում, երբ ներկա կլինեն դատավարության մյուս՝ տուժող կողմը։
Այս նիստում քննարկվեց նաև ամբաստանյալ Հայկ Սարգսյանի խափանման միջոցի փոփոխության հարցը։ Մեղադրող դատախազը հայտարարեց, որ խափանման միջոցը չպետք է փոփոխվի, քանի որ ամբաստանյալը կարող է խոչընդոտներ կարող է ստեղծել գործի քննության ընթացքի համար։ Դատախազը նաև ասաց, որ Հայկ Սարգսյանը վարույթն իրականացնող մարմին բերվել է «Զվարթնոց» օդանավակայանից, սակայն փաստաբանը արձագանքեց, որ նա ընդամենը ընտանիքի հետ մեկնում էր ծովափ հանգստանալու։ Ավելին, փաստաբանի խոսքով, իրավապահներին ներկայանալուց միայն յոթ օր հետո է Հայկ Սարգսյանը կալանավորվել, իսկ այդ օրերի ընթացքում նա պատշաճ կերպով ներկայացել է նախաքննությանը։
Լսելով խափանման միջոցի վերաբերյալ կողմերի դիրքորոշմանը՝ դատավոր Դանիբեկյանը հայտարարեց, որ անցնում է խորհրդակցական սենյակ և խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի սեպտեմբերի 10-ին։