07/09/2018 13:17
Հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն չեմ տեսնում ու չեմ կարծում, որ երբևէ կլինեն. ՀՀ նախագահ (Տեսանյութ)
Ցանկացած հանդիպում մեծ երկրի ղեկավարի հետ ՀՀ ղեկավարության համար շատ էական է ու կարևոր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունենալ Փաշինյան-Պուտին հանդիպումից:
«Մասնավորապես, Ռուսաստանի նախագահի հետ, շատ կարևոր է», - ասաց նա։
Նախագահը չի կարծում, որ հանրությունը ամեն մի հանդիպումից պետք է ակնկալիք ունենա։
«Որովհետև հայ-ռուսական հարաբերությունները դարերի հարաբերություն են, կառավարությունը պետք է հարաբերություններ ունենա ու ամեն անգամ մեկ-երկու հանդիպումից դրամա պետք չէ սարքել», - ասաց նախագահը։
Նա նշեց, որ հանդիպումն անցնելու է դրական ու բարեկամական մթնոլորտում։
Aysor.am-ի մյուս հարցին՝ տեսնո՞ւմ է լարվածություն հայ-ռուսական հարաբերություններում, ՀՀ նախագահն ասաց, որ ինքը երկարաժամկետ, լայն ու խորը լարվածություն չի տեսնում հայ-ռուսական հարաբերություններում:
«Չեմ սպասում ու չեմ կարծում, որ երբևէ կլինեն», - ընդգծեց Արմեն Սարգսյանը։