07/09/2018 13:31
Հայաստանի ոստիկանությունը Միքայել Հարությունյանի հետախուզումը չեղարկելու մասին գրություն է ստացել ՌԴ-ից
Մարտի 1-ի գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը չեղարկելու մասին Հայաստանի ոստիկանությունը Ռուսաստանի Դաշնությունից գրություն է ստացել, այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Այո, նման գրություն Հայաստանի ոստիկանությունը ստացել է», - փոխանցեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
Այնտեղից սակայն, դժվարացան պատասխանել, թե ինչ գործողություններ են սպասվում դրանից հետո։
Ավելի վաղ Aysor.am-ը վկայակոչելով «Ինտերֆաքս»-ին գրել էր, որ 2008թ. Երևանում մարտի 1-ի դեպքերի համար մեղադրվող Հարությունյանի վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունից հետո որոշվել է ՌԴ տարածքում չեղարկել նրա նկատմամբ հետախուզումը: Այսինքն՝ ՌԴ տարածքում Հարությունյանին ոչինչ չի սպառնում, սակայն ԱՊՀ երկրներ գնալիս նրան կարող են ձերբակալել ու հանձնել Հայաստանին։
Միքայել Հարությունյանին մեղադրանքն առաջադրվել է 2008-ին Հայաստանի սահմանադրական կարգը բռնի տապալելու համար։