07/09/2018 09:48
«Ժողովուրդ». ՀՀԿ-ն ոչ մի կերպ չի ցանկանում գնալ ԱԺ ինքնալուծարման
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության և խորհրդարանի միջև հակամարտությունը շարունակվում է: ՀՀԿ-ն, որ շարունակում է իր ձեռքում պահպանել օրենսդիր իշխանությունը, խորհրդարանում մնալով ամենաշատ թվով պատգամավորներ ունեցող խմբակցությունը, ոչ մի կերպ չի ցանկանում գնալ ԱԺ ինքնալուծարման և արտահերթ ընտրությունների:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, հիմա ՀՀԿ-ն այս հարցում դաշնակիցներ է որոնում խորհրդարանական մյուս ուժերի մեջ, և ասում են՝ մյուս խմբակցություններում (որոնք, ի դեպ, Փաշինյանի կառավարության կազմում են) գտել է համախոհների: Ու հիմա նրանք որոշել են, որ կողմ չեն քվեարկելու խորհրդարանի լուծարման տանող ցանկացած որոշման` որպես պատճառաբանություն բերելով այն հանգամանքը, որ ԱԺ-ն բնականոն աշխատում է, չի խոչընդոտում կառավարության գործունեությանը, այլ ընդունում է նրանց բերած օրենքները: Եվ պատահական չէ, որ նոր կառավարության ներկայացրած նախագծերը, չնայած ՀՀԿ-ականների քննադատություններին, ԱԺ-ում ընդունվում են:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները վերջերս՝ մի հանդիպման ժամանակ, իրենց մեջ երդվել ու «հայհոյանք» են դրել, որ կողմ չեն քվեարկի ԱԺ-ն ցրելու վերաբերյալ ցանկացած նախաձեռնության: Ասել է թե՝ նախկին իշխանությունները շարունակում են մնալ ոչ թե քաղաքական, այլ տղայական որոշումների մակարդակի: Ի դեպ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ այսօր ԱԺ-ն ցրելու հիմքեր չի տեսնում: Իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն, ատամները սրած, սպասում են նոր կառավարության սայթաքումներին ոչ միայն ներքաղաքական դաշտում, այլև՝ արտաքին քաղաքականության մեջ` հայ-ռուսական հարաբերություններում:
Այս առումով լավագույն ցուցիչը լինելու է սեպտեմբերի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը. բոլորը սպասում են, թե ինչպես է անցնելու այդ հանդիպումը: Այս լուրերի համատեքստում ուշագրավ է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը. «Ես պետք է երաշխավորեմ, որ դուք լիարժեք կրողն եք ՀՀ իշխանության, իսկ երբ կհեռանամ, պետք է ունենամ հստակ երաշխիքներ, որ որևէ մեկին թույլ չեմ տա իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից», - ասել է վարչապետը»: