07/09/2018 15:40
Պետությունը ձեռնպահ է մնում մթերողին որևէ գին թելադրել. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ)
Արմավիրում խաղողի մթերման գներից բողոքող խաղողագործների հետ հանդիպումից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հարցի վերաբերյալ զեկուցել է վարչապետին, Aysor.am- ի թղթակցի հարցին ի պատասխան՝ նշեց նախարարը:
Նա ընդգծեց, որ գյուղացիները 7 տարվա երկարաժամկետ պայմանագիր ունեն, որտեղ նվազագույն գինը նշված է 130 դրամ:
Հարցին, թե այս պահին որքանի՞ դիմաց է հնարավոր մթերման համար խաղող վաճառել, գյուղնախարարը նշեց, որ պետությունը ձեռնպահ է մնում մթերողներին որևէ գին թելադրելուց.
«Որևէ մեկը չի կարող այս հարցին պատասխանել: Պետությունը ձեռնպահ է մնում մթերողին որևէ գին թելադրել, քանի որ բանակցային կարողությունները խաղող մշակողների և մթերողների միջև անհամաչափ են և չկա հատուկ օղակ, մենք փորձում ենք կամրջել գնորդին ու վաճառողին, օգնել, որպեսզի շուկան ընդհանուր բոլորի կողմից ընդունելի գին ձևավորի», - նշեց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ խաղողագործները մի քանի օր շարունակ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով վերանայել խաղողի մթերման գինը: Նրանք պնդում են, որ նախապես իրենց խոստացվել է խաղողի կիլոգրամի համար վճարվել 160 դրամ, մինչդեռ գործարանները պնդում են, որ 140 դրամից ավելի չեն կարող վճարել: