07/09/2018 11:31
Հանրապետականների մտահոգությունները փարատվեցին. Ընտրական հանցագործությունների մասին օրենսդրական փաթեթը խորհրդարանը միաձայն ընդունեց (Տեսանյութ)
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունեց ընտրությունների ժամանակ կատարվող հանցագործությունների մասին Քրեական և մի շարք օրենսգրքերում կատարված փոփոխությունների մասին օրենսդրական փաթեթը։ Օրինագծերի փաթեթին խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց։ Քվեարկությանը մասնակցել է 82 պատգամավոր։
Փաթեթը խորհրդարանին ներկայացրել էր կառավարությունը։ Իր եզրափակիչ ելույթում արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ Հանրապետական խմբակցության անդամների առաջարկությունները ընդունվել են, կատարվել են որոշ հստակեցումներ։
«Մեր խորին համոզմամբ, այլևս որևէ լուրջ մտահոգություն այս նախագծի վերաբերյալ չպետք է լինի», - ասաց Հովհաննիսյանը։
«Կառավարության ներկայացուցիչը հստակ ֆիքսեց, որ բոլոր այն մտահոգությունները, որոնք մենք հայտնել ենք, փարատված են։ Մենք առավոտյան էլ նախագիծը նայեցինք, և մեր բոլոր առաջարկներն ընդունվել են, հետևաբար կառաջարկեմ իմ գործընկերներին, որ կողմ քվեարկենք», - օրինագծերի փաթեթի քվեարկությունից առաջ հայտարարեց Գևորգ Կոստանյանը։
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր հերթին նկատեց, որ կառավարությունն ընդունել է իրենց ներկայացրած բոլոր առաջարկությունները ու հավելեց. «Արդարադատության փոխնախարարը ցուցաբերեց բարձր ադեկվատություն և արձագանքեց այն իրավական մտահոգություններին, որ մենք ունեինք, ու նախագիծը դարձավ իրավաբանորեն ճիշտ, գրագետ նախագիծ»։
Կառավարությունը խորհդրարան ներկայացրած այս փաթեթով նախատեսում է բարելավել ընտրական գործընթացը, քրեականացնել մի շարք ընտրախախտումներ ու դրանց համար սահմանել խիստ պատիժ։ Այն ներկայացվել էր արտահերթ ռեժիմով, քանի որ պետք է պատրաստ լիներ մինչև սեպտեմբերի 23-ը կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները։
Օրենսդրական փոփոխությունները խորհրդարանին ներկայացնելիս հիմնական զեկուցող Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը երեկվա նիստում տեղեկացրել էր, որ փոփոխությունները կատարելիս հիմնվել են մարդու ազատ կամարտահայտության սկզբունքի պահպանման վրա։
Մասնավորապես, քրեականացվում է նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի կողմից անձամբ կամ նրանց անունից, կամ որևէ այլ եղանակով բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք կամ արժեթղթեր կամ ապրանքներ տալը, խոստանալը կամ ծառայություններ մատուցելը, ինչպես նաև բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը։
Ներկայումս այս արարքի համար պատասխանատվություն նախատեսվում էր վարչական օրենսդրությամբ և պատժվում էր առավելագույնը 2.5 մլն դրամով։ Իսկ առաջարկվող փաթեթով նախատեսվում է այն քրեականացնել՝ դրա համար սահմանելով խիստ պատիժ՝ 3-6 տարի ազատազրկում։ Քրեորեն պատժելի են դարձնում նաև քվեարկության գաղտնիության սկզբունքի որոշակի խախտումներ։