07/09/2018 19:03
«Հեքիաթահարված». Ռեժիսոր Արամիս Տատուի նոր ֆիլմը իրականություն դարձած հեքիաթի մասին է
Հեքիաթից իրականություն մեկ քայլ է, կարևորը, որ հեքիաթիդ վերջաբանը անկեղծ ու մաքուր էակները՝ երեխաները գրեն: Այդ դեպքում է, որ հավատն օգնում է, ու իրական հեքիաթում էլ բարին հաղթում է չարին. ռեժիսոր Արամիս Տատուի «Հեքիաթահարված» ֆիլմը, որի պրեմիերան տեղի ունեցավ սեպտեմբերի 7-ին, հենց իրական դարձած հեքիաթի մասին է:
«Ես Հոլանդիայում ֆիլմ էի նկարահանում, որի հերոսը, ով պարող էր, վնասվածք ստացավ, ինչի պատճառով էլ ֆիլմը կիսատ մնաց: Գալով Հայաստան՝ միտք առաջացավ հենց այս ֆիլմը նկարել: Սա հայ դերասանների հետ աշխատելու իմ առաջին փորձն է, այսուհետ նրանց ուժերն ավելի ճիշտ կգնահատեմ: Միայն կարող եմ ասել, որ հրաշալի արտիստներ են հավաքված, որոնց հետ աշխատելը հաճույք է», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Արամիս Տատուն:
Ռեժիսորը խոստովանում է՝ իր համար բացահայտում էր Արթուր Հակոբյանը, ով հաճելիորեն զարմացրել է իր ունակություններով: Դերասաններից շատերն էլ նկարահանումների վերջում էին «բացվում»:
«Նկարահանումների վերջում նրանցից այնպիսի բաներ տեսա, որ ապշում էի, ասում՝ ինչո՞ւ շուտ չէիք ձեր տաղանդը բացահայտում: Բայց ոչինչ, ես մտադիր եմ այս նույն կազմի հետ ևս մեկ ֆիլմ նկարել, այդ ժամանակ արդեն հստակ կիմանամ՝ ում ուժերն ինչպես օգտագործեմ: Եվ ասեմ, որ այդ ֆիլմը կլինի այս մեկի տրամաբանական շարունակությունը», - տեղեկացրեց նա:
«Հեքիաթահարված»-ն արկածայինի ու կատակերգության մiաձուլումն է: Ինչպես ռեժիսորն է ընդգծում՝ այս ժանրի ֆիլմ հայկական կինոարտադրությունում դեռ չի եղել:
Ֆիլմը նկարահանվել է 33 օրում, սակայն մոնտաժային աշխատանքներն իրականացվել են շուրջ մեկ տարում:
Գլխավոր դերերում են Էմիլ Գալստյանը, Արթուր Հակոբյանը, Ադրիանա Գալստյանը, Արսեն Գրիգորյանը: Նկարահանվել են նաև Ռաֆայել Հովհաննիսյանը, Անահիտ Կիրակոսյանը, Գեորգի Հովակիմյանը և այլք: