08/09/2018 13:24
Հովիկ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքը կապ չունի Մարտի 1-ի գործի հետ
Aysor.am-ին հայտնի է դարձել, որ Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքը որևէ կապ չունի մարտի 1-ի գործի հետ։ Նախկին պաշտոնյային առաջադրված մեղադրանքի մասին նախաքննական մարմինը՝ Հատուկ քննչական ծառայությունը որևէ տեղեկատվություն չի հրապարակել։ Այդ մասին առաջինը բարձրաձայնել է հենց ինքը՝ Աբրահամյանը՝ այսօր՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում։
Aysor.am-ի նախնական տեղեկություններով, առաջադրված քրեական գործը կապ ունի տարիներ առաջ խարդախությամբ և պաշտոնական լիազորությունները չարաշահելու միջոցով ընկերություններից մեկի բաժնետոմսերի 60 տոկոսին տիրանալուն։
Հատուկ քննչական ծառայությունից դեռևս չեն մեկնաբանում տեղեկությունը։
Նշենք, որ այսօր առավոտյան Հովիկ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր իրեն առաջադրված մեղադրանքի և որպես խափանման միջոց ստորագրությունն ընտրելու մասին։ Նա հարուցված քրեական գործը որակել էր շինծու։
«Զավեշտալի է, երբ ոչ ականջահաճո հարցազրույցից հետո մարդուն հրավիրում են ՀՔԾ, ակնհայտ կեղծ մեղադրանք առաջադրում՝ նպատակ ունենալով լռեցնել ցանկացած այլակարծություն: Այս պահին նպատակահարմար չեմ համարում ավելին ասել, հետագայում այդ անհիմն մեղադրանքին և անօրինականություններին առավել մանրամասն անդրադառնալու առիթ կունենամ: Առայժմ արձանագրեմ, որ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող «մարդաորսը», ազատ խոսքի ու այլակարծության ճնշմանն ուղղված գործողությունները լավ հանգրվան չեն ունենալու», - գրել էր ՀՀ նախկին վարչապետը: