08/09/2018 13:50
Մենք առաջին օրվանից աջակցեցինք այս հեղափոխությանը. Արթուր Բաղդասարյան
Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայանում է մրցունակ թիմով, գերազանցապես երիտասարդներով, այսօր նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ այս մասին հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։
«Ես կարծում եմ, որ փորձն ու երիտասարդությունը պետք է զուգակցել, և դրա համար էլ մեր ցուցակը գլխավորում է Մհեր Շահգելդյանը, որը փորձառու, մաքուր կենսագրությամբ, հրաշալի քաղաքական հմտություններով օժտված թեկնածու է», - հավելեց Բաղդասարյանը։
Անդրադառնալով քաղաքական հարցերին՝ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք հեղափոխությանն աջակցել են հենց առաջին օրվանից։
«Մենք առաջին օրվանից աջակցեցինք այս հեղափոխությանը, որովհետև երկրում կուտակվել էին բազմաթիվ հարցեր, որոնք հրատապ լուծման կարիք ունեին։ Հենց դա էր պատճառը, որ «Օրինաց երկիրը» առաջին օրերին աջակցեց հեղափոխությանը, մեր կուսակցության բազմաթիվ անդամներ իրենց մասնակցությունն ունեցան ակցիաներին», - հայտարարեց նա։
Նրա խոսքով՝ «ընդամենը մի քանի հազար ձայների պակասի» պատճառով չեն հայտնվել խորհրդարանում, քանի որ երկրում տեղի ունեցավ «ձայնագողություն, ձայնագնություն»։
«Խորհրդարանը պետք է լուծարվի, և մենք սատարում ենք Հայաստանի նոր քաղաքական իշխանության մոտեցմանը, որ Հայաստանում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Առանց արտահերթ ընտրությունների՝ Հայաստանի տնտեսությունը զարգանալու ներուժ չունի», - ասաց նախկին պաշտոնյան։