08/09/2018 14:02
Բացառվում է, որ համագործակցենք Ռոբերտ Քոչարյանի հետ. Արթուր Բաղդասարյան
«Օրինաց երկիր» կուսակցությունը բացառում է քաղաքական համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի, նրան սատարող քաղաքական կազմակերպությունների հետ, այսօր նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։
«Մենք աջակցել ու շարունակելու ենք աջակցելու հեղափոխությանը՝ չնույնականացվելով այն իշխանության հետ, որ կա այսօր Հայաստանում», - հայտարարեց Բաղդասարյանը։
Հիշեցնենք՝ Արթուր Բաղդասարյանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին զբաղեցրել է ԱԺ նախագահի պաշտոնը. 2003 թ. հունիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ և 2006 թ. մայիսի 29-ին ներկայացրել է հրաժարական այդ պաշտոնից։ Իսկ արդեն ավելի ուշ Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից մեղադրվել է Անգլիայի համար լրտեսություն կատարելու մեջ։