08/09/2018 14:51
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում, ինչ մեղադրանք է առաջադրվել Հովիկ Աբրահամյանին. ՀՔԾ-ն հաստատում է
Հատուկ քննչական ծառայությունը, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան, հաստատում է, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։
ՀՔԾ-ից Aysor.am-ին տեղեկացնում են, որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեկան օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնեական լիազորությունների շրջանակից դուրս գալը, որը էական վնաս է պատճառել պետության շահերին) և 310-րդ հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը):
Հատուկ քննչական ծառայությունից այլ մանրամասներ չեն հաղորդում՝ նշելով, որ կատարվում է նախաքննություն։
Նկատենք, որ այս քրեական գործը վերաբերում է «Ավազահատիկ» ՍՊԸ-ին և Հովիկ Աբրահամյանի ու նրա եղբոր դեմ հաղորդումը հենց տվել է այդ ՍՊԸ-ի տնօրենը։ Այս գործում շոշափվում է նաև ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անունը։
Ավելի վաղ ՀՔԾ տարածած հաղորդագրության համաձայն, «Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին և Արարատի մարզում զբաղվել է հանքարդյունաբերությամբ։
Ներգրավելով վարկային միջոցներ՝ կատարել է շուրջ 80 000 ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրում՝ ձեռք բերելով ավազի լվացման և մաղման հոսքագծեր, սակայն 2008 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստեղծել են արհեստական խոչընդոտներ՝ պահանջելով ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը՝ նշելով, որ հակառակ պարագայում հանքերը չեն շահագործվի։ Ընդ որում՝ բաժնեմասերի 60 տոկոսը պահանջվել է ձևակերպել երկու տարբեր անձանց անունով՝ յուրաքանչյուրին 30 տոկոս։
Բացի այդ, պարզվել է նաև, որ Նորամարգի համայնքի ղեկավարը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հողատարածքի վարձակալության վերաբերյալ «Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենի հետ ավելի վաղ ստորագրված պայմանագիրը լուծարելու վերաբերյալ։ Նշված հողատարածքում ընկերությունն զբաղվում էր ավազի հանույթով։ Դատարանը բավարարել է հայցադիմումը, որից հետո նոր պայմանագիր է ստորագրվել տվյալ հողատարածքի վարձակալության վերաբերյալ այլ սեփականատերերի հետ։
ՍՊԸ ընկերության հիմնադիրը և այլ վկաներ իրենց ցուցմունքներում առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել են Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների, Ալիկ Սարգսյանի անունները։
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին առաջինը հայտարարեց հենց ինքը՝ Աբրահամյանը՝ հարուցված քրեական գործը որակելով շինծու։