08/09/2018 22:29
Հայաստանը պատրաստ է հակառակորդի ցանկացած սադրանքին ջախջախիչ հակահարված տալ. Փաշինյան
Այսօր Հայաստանը պատրաստ է ցանկացած սադրանքի դեպքում հակառակորդին ջախջախիչ հակահարված տալ, այսօր «Զինուժին» տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք հստակ արձանագրում ենք, որ այսօր պատրաստ ենք ցանկացած սադրանքի դեպքում հակառակորդին ջախջախիչ հակահարված տալ: Բայց պնդում եմ, որ սա չպետք է հանկարծ մեկնաբանվի, թե մենք ձգտում ենք պատերազմի, որովհետև որևէ ժողովրդավարական երկիր ի բնե չի ուզում պատերազմ: Մենք ասում ենք, որ այո՛, պատրաստ ենք լրջորեն քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման հնարավորությունները, ուղիները: Բայց դրա համար կա մի կարևոր նախապայման՝ կարգավորում կարող է տեղի ունենալ, երբ տարածաշրջանում հաստատվի կարգավորման մթնոլորտ», - հայտարարեց Փաշինյանը:
Այդուհանդերձ, ըստ վարչապետի, ցավալի է, բայց Ադրբեջանը շատ երկար տարիներ իր դիրքորոշումներով ապացուցում է, որ պատերազմը լուծման միակ միջոցն է: Իսկ դա, Փաշինյանի խոսքով, նշանակում է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինեն տալ անհրաժեշտ հակահարված:
«Երբ կտեսնենք, որ Ադրբեջանը իրավիճակը գնահատում է համարժեք և պատրաստ է ջանքեր գործադրել խաղաղ կարգավորման հասնելու համար, մենք այդ իրավիճակին կլինենք համարժեք, մանավանդ, բոլորի համար պարզ է, որ մենք ռազմաշունչ հայտարարություն չենք անում, բայց նաև թույլ չենք տա, որ որևէ մեկը մեզ հետ խոսի ուժի, պարտադրանքի, սպառնալիքի լեզվով», - հավելեց վարչապետը: