10/09/2018 13:40
Եթե ՔՊ-ն միայնակ կարողանում է այս ընտրություններում մեծ քվե վերցնել, անձամբ դեմ եմ մաս կազմել նրանց. Արամ Սարգսյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը առայժմ վաղ է համարում խորհրդարանական արտահերթ ընտրություններում դաշինքը կազմող ուժերի մասնակցության ձևաչափի մասին խոսելը։
«Երևանի ավագանու ընտրությունները կարող են արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դասավորումների, վերադասավորումների կանխորոշիչ հնարավորություն ստեղծել։ Ժամանակից շուտ չեմ կարող ասել, թե զարգացումներն ինչպես կլինեն», - այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արամ Սարգսյանը։
Նա նկատեց, որ հնարավոր է, որ «Ելք» դաշինքը կազմող քաղաքական ուժերը միասին գնան ընտրությունների բայց նաև չբացառեց, որ դրանք առանձին-առանձին մասնակցեն ընտրություններին։
«Այդ ամենը կախված է ուժերի գնահատականներից, ուժերի հնարավորություններից։ Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ինքնուրույն կարողանում է մեծ քվե վերցնել, այս դեպքում ես անձամբ դեմ եմ մաս կազմել այն մեծին, որտեղ դու փոքր ես, որտեղ քո ձայնի հնարավորությունը քիչ է, այքան որ մտել ես պատեհապաշտության ու պաշտոնի համար, էդ իմը չի։ Մեր ժողովուրդը եթե ամբողջությամբ վստահի ՔՊ-ին ու իրեն ձայն տա, իրենք էլ պետք է լինեն մեծամասնություն ու այստեղ դաշինքի խնդիր չկա», - նշեց Սարգսյանը։
Եթե ՔՊ-ն միայնակ գնա ընտրություններին, Սարգսյանի խոսքով, «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները կմասնակցեն ընտրություններին միասին։
Պատգամավորը չի կարծում, թե «Ելք»-ը փլուզվել է։ Ավելին, նա վստահ է, որ այդ դաշինքը կպահպանի գոյությունը մինչև նոր խորհրդարանի ձևավորումը։