10/09/2018 18:01
Սիրիա ուղարկվող խումբը ենթարկվելու է միայն Հայաստանին. Պաշտպանության փոխնախարար
Հայաստանը հումանիտար մասնագետներ կուղարկի Սիրիա, այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
«Որոնց մեջ են բժիշկներ, ինժեներական որոշակի մասնագիտությունների տեր անձիք, ծառայողներ, որոնք գնալու են օգնելու հիմնականում Հալեպի բնակիչներին»,- ասաց նա։
Գաբրիել Բալայանը նշեց, որ բացի հումանտիար աջակցության ամբողջ ծավալից, որը Հայաստանը պարբերաբար ուղարկում է Սիրիա, ուղարկվելու են նաև մասնագետներ, որոնք պետք է փորձեն իրենց մասնագիտական գիտելիքներով խաղաղ բնակչությանը օգտակար լինել։
Նա ասաց, որ հիմնականում Հալեպի հայ համայնքին են օգնելու։
Փոխնախարարի խոսքով՝ խումբը բացառապես ՀՀ-ի կողմից աջակցություն է, որը սահմանված է 2015 թվականի 22-54 ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևի շրջանակներում։
«Սա հայ-սիրիական պայմանավորվածության արդյունք է »,-ասաց նա։
Նախարարի խոսքով՝ խումբը բացառապես ենթարկվելու է Հայաստանի համապատասխան գերատեսչությանը։
«Մենք չենք բացառում Ռուսաստանի հետ համագործակցությունը, բայց բացառապես գործելու ենք ՀՀ դրոշի ներքո»,-նշեց փոխնախարարը։