10/09/2018 11:49
Վարչական ակտ ստանալուց հետո 8-օրյա ժամկետում այն վճարելու դեպքում տուգանքի չափը 50 տոկոսով կնվազի. առաջարկ ԱԺ-ում
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն առաջարկում է պատշաճ ժամանակահատվածում տուգանքներ վճարելու դեպքում կրճատել տուգանքի թիվը:
Մասնավորապես, առաջարկվում է վարչական ակտը ստանալուց հետո 8 օրվա ընթացքում վճարելու դեպքում վճարել գումարի 50 տոկոսը:
«Սա չի վերաբերում բոլոր վարչական ակտերին: Որոշակի բացառություններ կան, օրինակ, անսթափ վիճակում տրանսպորատային միջոց վարելը, կամ այնպիսի խախտումները, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ հանրության վրա», - ԱԺ-ում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող Միհրան Պողոսյանը:
Նա ընդգծեց, որ արդյունքում իրավախախտում արած անձանց մոտ պատասխանատվություն կստեղծի տուգանքներ վճարելու համար, կավելանա տուգանքներ վճարողներ թիվը, վճարվաճ տուգանքների թիվը, ինչպես նաև պետական ինքնակառավարման բյուջե մուտքագրվող գումարների չափը, ինչը, պատգամավորի խոսքով, կթեթևացնի դատարանների և ԴԱՀԿ ծանրաբեռնվածությունը:
Պողոսյանը նաև նկատեց, որ անհրաժեշտ է փոփոխություն կատարել օրենքի գործող այն դրույթում, համաձայն որի՝ տուգանքը պետք է վճարվի 15 օրվա ընթացքում:
«Սա ձևական բնույթ է կրում: Դրա խախտման դեպքում պատասխանատվություն վրա չի հասնում, ինչը դառնում է աննպատակ, հետևաբար առաջարկվում է 15-օրյա ժամկետը փոփոխել՝ հասցնելով մինչև վարչական ակտի անբողոքարկելի դառնալը»: