10/09/2018 14:02
Ռուբեն Վարդանյանի՝ Հարկային օրենսգրքի վերաբերյալ պատկերացումները երևի խորը չեն. ՊԵԿ նախագահ
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կարծում է, որ Ռուբեն Վարդանյանը խորապես չի տիրապետում ՀՀ հարկային օրենսգրքին։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում տեղի ունեցած հայ գործարարների հանդիպմանը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասել էր, որ Հայաստանում կա հարկերի 18 տեսակ, իսկ Վրաստանում՝ 6 տեսակ, ինչն էլ խանգարում է գործարարներին Հայաստանում բիզնես սկսել։
«Պետք է ասեմ, որ պարոն Վարդանյանի՝ Հարկային օրենսգրքի վերաբերյալ պատկերացումները երևի խորը չեն», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դավիթ Անանյանը։
Նա ընդգծեց, որ Հարկային օրենսգիրք բերվել են այն պարտադիր վճարները, որոնք նախկինում, օրինակ, կոչվել են պարտադիր վճար, տուրք, բայց հարկ չեն կոչվել։
Դավիթ Անանյանն ընդգծեց՝ ունենք ոչ թե տասնութ, այլ հինգ հարկ։
«Մնացածը ժամանակավոր ռեժիմներ են», - ասաց նա։
Դավիթ Անանյանը նշեց, թե հարկային օրենսդրությունները համադրելու առումով խորհուրդ կտար դա թողնել պրոֆեսիոնալներին։