11/09/2018 11:31
Սահմանադրական փոփոխությունների կարելի է գնալ միայն քաղաքական կոնսենսուսի միջոցով. ԱԺ նախագահ (Տեսանյութ)
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի կարծիքով՝ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների կարելի է գնալ միայն քաղաքական կոնսենսուսի միջոցով:
Պատասխանելով Aysor.am-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում սահմանադրական փոփոխությունների առաջարկին, ըստ որի ԱԺ-ն ինքնալուծարվելու հնարավորություն պետք է ստանա՝ Արա Բաբլոյանն ասաց.
«Նախևառաջ դեռ մենք չենք ստացել առաջարկություն, ստանալուց հետո կքննարկենք: Դա քաղաքական գործընթաց է և քննարկման, կոնսենսուսի արդյունք կարող է լինել, այսինքն՝ դա չի կարող լինել մեկ կամ երկու մարդու կամ քաղաքական գործչի ցանկություն: Դա պետք է լինի կոնսենսուսի արդյունք», - նշեց Ա.Բաբլոյանը:
Նա նաև ընդգծեց, որ չի կարող նշել ԱԺ արտահերթ ընտրությունների հստակ ժամկետներ:
«Ճիշտն ասած, չեմ կարող նշել հստակ ժամկետ, որովհետև, դուք գիտեք, որ մենք ԱԺ-ում ստեղծել ենք համապատասխան աշխատանքային խումբ, որը աշխատում է օրենսդրության փոփոխությունների վրա: Այս աշխատանքները դեռ չեն ավարտվել», - ասաց ԱԺ նախագահը: