11/09/2018 14:56
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ԱԱԾ տնօրենին ասուլիս տալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ԱԱԾ քարտուղարը ասուլիս կտա՝ իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման հետ կապված:
Վարչապետը նշեց, որ իր մոտ է հրավիրել Վանեցյանին ու հանձնարարել ասուլիս տալ և պատասխանել լրագրողների բոլոր հարցերին:
«Մարդիկ զգում են, և այդ մարդկանց անունները կոնկրետ են՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Մանվել Գրիգորյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Խաչատրյան, տարբեր մանր ու մեծ չինովնիկներ զգում են, որ իրենց թալանածը ՀՀ վերադարձնելու ժամանակը եկել է ու փորձում են այդ պրոցեսը կասեցնել գաղտնալսումներ և ինչ-որ բաներ անելով: ԱԱԾ տնօրենը հիմա ասուլիսում կպարզաբանի, թե ինչն ինչոց է», - նշել է Փաշինյանը:
Նա նշեց, որ այսօր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար է տեղի ունենում մի պայմաններում, երբ ամբողջ դատական համակարգը նշանակված է կոռուպցիոն համակարգի կողմից և տարիներ շարունակ նրան է ծառայել.
«Ես դեռ վարչապետ ընտրվելուց հետո ինչի՞ բան եմ թաքցրել ձեզնից, ասել եմ, որ մինչև օրս դատավորները զանգում են, խաբար են ուղարկում, թե ի՞նչ անենք, էս մի հարցը ոն՞ց որոշենք, են հարցը ո՞նց որոշենք: Դրանում ոչ մի գաղտնիք չկա: Ես ձեզ հստակ ասել եմ ասել, որ հաժարվում եմ դատական համակարգին տալ հրահագներ: Բայց դա չի նշանակում, որ դատական համակարգից տարբեր մարդիկ մեզ չեն զանգել ասել, բա ես գործով ի՞նչ անեմ, խնդրում եմ ասեք, վայ վախում եմ, չգիտեմ էս գործը ոնց անեմ»:
Նա շեշտեց, որ նոր կառավարությունը հատնվել է իշխանության ժողովրդի ընտրությամբ և նրա յուրաքանչյուր քայլի վերաբերյալ հաշվետու է լինելու ժողովրդի առաջ:
«Բայց մենք շանտաժի չենք տրվելու», - ընդգծեց նա:
Հիշեցնենք՝ այսօր YouTube-ում ձայնագրություն էր հրապարակվել, որտեղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը քննարկում են Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և Միքայել Հարությունյանի դեմ քրեական գործերը:
ԱԱԾ տնօրենը հորդորում է Խաչատուրովի հետ «գործ չունենալ», քանի որ դա նյարդայնացնում է ռուսներին. «Խնդրում եմ, Խաչատուրովինը ուշադիր նայեք, չնայած վարչապետն ասում է՝ փակեք, բայց ռուսները...»:
Վանեցյանն առաջարկում է Խաչատուրովին կանչել հարցաքննության ու խափանման միջոցը փոխել, մինչդեռ ՀՔԾ պետը պնդում է, որ մինչև Խաչատուրովը չկալանավորվի, ցուցմունք չի տա.
«Թող երկու օր նստի խելքը գլուխը գա, ցուցմունք կտա», - ասում է ՀՔԾ պետը, ինչին ԱԱԾ տնօրենն արձագանքում է. «Թող նստի»:
Ապրիլին Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ չի պատրաստվում ՀՀ վարչապետի կարգավիճակում լինել և՛ վարչապետ, և՛ դատախազ, և՛ դատավոր, և՛ քննիչ։ «Հակառակ դեպքում մենք կընկնենք մի դաշտ, երբ մի կետից որոշվում է՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ», - ասել էր Փաշինյանը։
Նշենք նաև, որ ՀՔԾ-ն անկախ կառույց է և չի ենթարկվում կառավարությանը: