11/09/2018 13:31
Ռուսաստանի հետ աշխատելու ենք միասին. ԱԳ նախարարը՝ Սիրիային հումանիտար օգնություն տրամադրելու մասին
ՀՀ-ն առաջին անգամ չէ, որ տրամադրում է հումանիտար օգնություն Սիրիայի բնակչությանը և մեր հայրենակիցներին, նշեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Սիրիային հումանիտար օգնություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետությունը չի հայտնվի ահաբեկիչների թիրախում:
«Իրենց անվտանգության հարցը շարունակում է մնալ օրակարգում: Այդ տրամաբանությամբ է, որ մենք գործում ու աշխատում ենք մեր գործընկների հետ: Այս հարցում նախկինում ՌԴ ևս օգտակար է եղել, որպեսի մենք ֆիզիկապես կարողանանք հասցնել օգնությունն այնտեղ: Այս դեպքում ևս մենք աշխատելու ենք միասին, որպեսզի կարողանանք տեղում մեր ներդրումը ունենալ անվտանգության հումանիտար կոնտեքստում», - նշեց նախարարը:
Մնացականյանը նաև ընդգծեց, որ Սիրիայում տիրող իրավիճակը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, ոչ միայն այն պատճառով, որ այն տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանն են վերաբերում, այլ նաև այն պատճառով, որ Հայաստանն անհանգստություն ունի Սիրիայում բնակվող հայրենակիցների անվտանգության հարցում: Նա նկատեց, որ 2011 թվականից Հայաստանը հյուրընկալում է հայրենակիցներին և շարունակում է առօրյա ռեժիմով աշխատել հայրենակիցների անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: