11/09/2018 16:14
Վարչապետը չի ասել «փակեք», ասել է՝ քրգործով անցնող մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն, եթե դրանց հիմքերը կան. ԱԱԾ տնօրեն
Վարչապետը չի ասել, որ Խաչատուրովը պետք է կալանավորվի, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման ժամանակ հստակ լսվում է, որ ինքն ասում է՝ վարչապետն ասել է՝ Խաչատուրովը պետք է կալանավորվի:
«Մանրակրկիտ չեմ լսել այդ խոսակցությունը, անգամ եթե վարչապետը ասել է՝ պետք է փակել, ես ասել եմ՝ իրավական հիմքերը նայեք: Վարչապետը չի ասել «փակեք», ասել է, որ քրգործերով անցնող անձիք՝ անկախ իրենց զբաղեցրած պաշտոններից ու դիրքերից պետք է պատասխանատվության ենթարկվեն, եթե դրանց հիմքերը կան», - նշեց նա:
Հարցին, թե նա մտավախություն ուներ Խաչատուրովի կալանքի հետ կապված և պնդում էր, որ ռուսների հետ նոր են «բարիշել», Վանեցյանն ասաց.
«Սա եղել է երկու մարդու միջև խոսակցություն, որը չի ենթադրում ինչ-որ բառերի պահպանում կամ իրար հետևից շարում կամ գրական հայերեն խոսել: Եղել է խոսակցություն, որի ընթացքում խոսակցական լեզվով ասեմ եմ այն, ինչ որ ասել եմ»:
Ճշտող հարցին, թե ինքը ասել է, որ ռուսների հետ հարաբերությունները նոր են կարգավորվում, արդյոք դա չի նշանակում, որ կան որոշ խնդիրներ ռուսների հետ հարաբերություններում, Վանեցյանը պատասխանեց.
«Գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո որոշ շրջանակներ սկսել էին տարածել, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել ու նոր իշխանությունները փոխում են իրենց արտաքին քաղաքական վեկտորը և գնում այլ կողմ: Այդ մտավախությունը կար նաև մեր ռուս գործընկերների մոտ, որը հերքվել է»: