12/09/2018 10:40
Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակն արտահերթ կքննարկվի ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում. Արփինե Հովհաննիսյան
Երեկ ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը և վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներ, այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
«Մասնավորապես՝ խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը և տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը, հնարավոր սահմանադրական փոփոխությունները` որպես վարչապետի պաշտոնավարումը երաշխավորող լծակ, օրենսդիր և դատական իշխանությունների վրա ճնշումները։ Ներկայացրել եմ փաստեր, տեսանյութեր, հրապարակումներ։
Քննարկվել է նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած ձայնագրության բովանդակությունը: Հանձնաժողովը հարցի քննարկման արդյունքում որոշում կայացրեց Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի անունից նամակ ուղղել Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովին` առաջարկելով մոնիտորինգ իրականացնել Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաև քաղաքական հետապնդումների կապակցությամբ»,-նշել է Ա. Հովհաննիսյանը։