12/09/2018 19:24
Գարի Քյոսայանը Կալիֆորնիայի օրենսդիր ժողովի կողմից պատվոգրի արժանացավ
Հայ անվանի կոմպոզիտոր Սերգեյ Քյոսայանի հոբելյանական 100 ամյակի շրջանակներում օրերս Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Գարի Քյոսայան» ջազ քառյակի համերգը, որի հիմնադիրը կոմպոզիտորի որդին է՝ կոմպոզիտոր, ջազմեն Գարի Գյոսայանը: Վերջինիս կինը՝ Ալլա Սահակյանը, ով ևս համերգի մաս է կազմել, Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ համերգային ծրագիրն իրենց կատարումներով զարդարեցին ԱՄՆ-ում բնակվող դերասան Հովհաննես Բաբախանյանը, Դարիլ Դարդենը, Կարլ Վինսենթը, Լուիս Վան Թեյլորը և այլք:
«Համերգին ներկա էին նաև Չայկովսկու անվան դպրոցի շրջանավարտները. Սերգեյ Քյոսայանի աշակերտներից Էլլադա Չախոյանը, Յաշա Պապյանը, Սիմոն Մակինջանյանը»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:
Երեկոյի ավարտին համերգի կայացման համար Գարի Քյոսայանը պատվոգրերի արժանացավ: Կալիֆորնիայի օրենսդիր ժողովի Հավանությանն արժանացած վկայագրում մասնավորապես նշված է.
«Շնորհակալագիրը տրվում է Գարի Քյոսայանին՝ ի պատիվ Սերգեյ Քյոսայանի 100 ամյակին նվիրված համերգի հրաշալի կայացման համար։ Կալիֆորնիայի նահանգային ժողովի անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բացառիկ կատարման և հանդիսատեսին Ձեր տաղանդը ցույց տալու համար։ Ձեր նվիրվածությունը Սերգեյ Քյոսայանի գեղարվեստական ժառանգությանն, իսկապես, գովելի է։ Լաուրա Ֆրիդման»: