13/09/2018 10:35
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային գաղտնալսված զրույցի հետքերով ԱԺ-ն քննիչ հանձնաժողով է ձևավորում
Սահմանադրության 108-րդ և Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների 1/4-ը դիմել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ արդարադատության կայացմանը խոչընդոտելու արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով Քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով։ Այդ մասին քիչ առաջ ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ այսօր կեսօրին ԱԺ նիստի անմիջապես ավարտից հետո պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ էլ որոշում է կայացվելու հանձնաժողովը ստեղծելու մասին։
Նշենք, որ ըստ հայաստանյան օրենսդրության, ԱԺ Քննիչ հանձնաժողովն ստեղծվում է իրավունքի ուժով, իսկ Հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է ԱԺ որոշմամբ։
Հիշեցնենք՝ «Youtube» տեսահոսթինգում օրերս հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը, որտեղ իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են մարտի 1-ի քրեական գործով անցնող մեղադրյալների, անելիքների, գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովին կալանավորել-չկալանավորելու մասին։