13/09/2018 12:43
Եթե ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին են գաղտնալսում, ապա յուրաքանչյուրի հեռախոսային խոսակցության գաղտնիության սկզբունքը վտանգված է. Կոստանյան (Տեսանյութ)
Ազգային ժողովն այս պահին արտահերթ նիստում քննարկում է պատգամավորների կողմից Քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնությունը։ Հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը խորհրդարանին ներկայացնելիս ԱԺ պետա-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված զրույցը շատ հարցեր է առաջացրել իրենց մոտ։
«Քննիչ հանձնաժողովի ստեղծման հիմքում դրել ենք ոչ թե կոնկրետ հանգամանքը կամ հարաբերությունները, այլ խնդիրը գլոբալ է, որովհետև այդ հանգամանքը ինձ և մեզ, յուրաքանչյուրիս համար հիմնավոր կասկածներ է ստեղծում առ այն, որ եթե ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետի խոսակցությունները ձայնագրվում են, ապա դա նշանակում է, որ սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված յուրաքանչյուր անձի հեռախոսային խոսակցությունների ու հաղորդումների գաղտնիության սկզբունքը առնվազն վտանգված է», -հայտարարեց Կոստանյանը։
Պատգամավորն ասաց, որ պետք է իրենք վստահ լինեն, որ Հայաստանի հասարակության մեջ կան բոլոր հնարավորությունները՝ երաշխավորելու յուրաքանչյուրի հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը։
Կոստանյանի կարծիքով, կատարվածը վտանգի տակ է դնում ոչ միայն իրավական անվտանգությունը, այլ նաև առնվազն կասկածի տակ է դրվում մարդու իրավունքների պաշտպանությունը։
Որոշման հիմքում Հանրապետականները դրել են նաև արդար դատաքննության իրավունքի հարցը՝ արդյոք Հայաստանում պաշտպանված է յուրաքանչյուր անձի արդար դատաքննություն իրավունքը։
«Մենք չենք անդրադառնալու հարուցված քրեական գործի հանգամանքներին, նպատակն այն չէ, թե ինչպիսին է եղել ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի հեռախոսային խոսակցության բովանդակությունը, որովհետև սա այլ քննարկման առարկա է։ Մենք խնդիրը դնում ենք գլոբալ, որովհետև յուրաքանչյուր նման քննարկում ու դրա արդյունքում կատարված ուսումնասիրություն, վստահ եմ, կբարձրացնի մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը», -հավելեց Կոստանյանը։
Հիշեցնենք՝ «Youtube» տեսահոսթինգում օրերս հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը, որտեղ իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են մարտի 1-ի քրեական գործով անցնող մեղադրյալների, անելիքների, գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովին կալանավորել-չկալանավորելու մասին։