13/09/2018 12:08
Եթե նորմալ ձևակերպումներով է լինելու, թող Քննիչ հանձնաժողովը ստեղծվի. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Քննիչ հանձնաժողով ստեղծելու կարիք չկա այն դեպքում, երբ Գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել։
«Բայց, հաշվի առնելով, որ մենք միշտ բաց ենք եղել և կողմ ենք եղել, որևիցե մութ հարց որևէ մեկի մոտ չմնա ու հաշվի առնելով, որ ձայնագրության մեջ այնպիսի բան չկա, որի համար կամաչեմ այստեղ կանգնել, թող ստեղծվի։ Եթե նորմալ ձևակերպումներով է լինելու, հասկանանք, թե ինչ են ուզում մեր հանրապետական գործընկերները ասել», -այսօր լրագրողների հետը ճեպազրույցում հայտարարեց Ալեն Սիմոնյանը։
Նա տեղեկացրեց, որ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դիմել է «Ելք» խմբակցությանը՝ ստորագրել Քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկը, սակայն խմբակցությունից մերժել են։ Պատգամավորը նաև փոխանցեց, որ որքանով ինքն է տեսել ստորագրությունների մեջ եղել է նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանի ստորագրությունը։
Հարցին, թե ի՞նչ է կարծում Հանրապետական խմբակցությունը այս հանձնաժողովը կազմավորելու համար փորձում է իրականությունը պարզե՞լ, թե այլ նպատակներ ունի, Սիմոնյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Հանրապետականը փորձում է այս իրավիճակը օգտագործել հօգուտ իրեն։ Բայց մեծ խնդիր ունեն՝ չունեն ժողովրդի սատարում։ Նրանք այդ խնդիրը պետք է լուծեն, ոչ թե զբաղվեն շահարկումներով։ Նրանք փորձում են ազդել մեզ վրա, հունից հանել մեզ, վախեցնել։ Բայց չի ստացվի»։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Սահմանադրության 108-րդ և Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների 1/4-ը դիմել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ արդարադատության կայացմանը խոչընդոտելու արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով Քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով։ Հրավիրվում է ԱԺ արտահերթ նիստ՝ Քննիչ հանձնաժողով ստեղծելու և կազմը որոշելու համար։