13/09/2018 13:11
Քննիչ հանձնաժողով չի կարող ստեղծվել, եթե այդ հարցի շուրջ կա հարուցված քրեական գործ. Մարուքյանը՝ Կոստանյանին
Այսօր Ազգային ժողովում ուժային կառույցների ղեկավարներին գաղտնալսելու հետքերով Հանրապետական խմբակցության նախաձեռնությամբ Քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցը ներկայացնող Գևորգ Կոստանյանին հուշեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքով քննիչ հանձնաժողով չի կարող կազմվել այն դեպքում, երբ նույն հարցի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ։
Մարուքյանը հիշեցրեց, որ գաղտնալսման փաստի առթիվ երկու քրեական գործ է հարուցվել տարբեր հոդվածներով և Քննչական կոմիտեի վարույթում քննվում են այդ գործերը, հետևաբար այս հարցի վերաբերյալ Քննիչ հանձնաժողով չի կարող կազմավորվել։
«Քրեական գործերը հարուցվել են և գաղտնալսման, և պաշտոնյայի լիազորությունների սահմանազանցման փաստերի առթիվ, հետևաբար Ազգային ժողովը չի կարող այդ հարցը քննարկման առարկա դարձնել։ Ես զարմանում եմ՝ ինչպե՞ս է դա վրիպել ձեր աչքից», - նկատեց Մարուքյանը։
Ի պատասխան ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն ասաց, որ այդ հանգամանքը չի վրիպել իրենց աչքից և այդ պատճառով էլ իրենք առաջարկում են խնդիրը դիտել գլոբալ։
«Այո, կոնկրետ փաստերի հետ կապված հարուցվել է քրեական գործ։ Բայց մեր քննարկման թեման կոնկրետ փաստերի շուրջ չի լինելու, այլ՝ գլոբալ։ Սա մեզ բերում է այն եզրահանգման, որ եթե ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնիության սկզբունքը խախտվել է, ապա դա առնվազն հիմնավոր կասկածի տեղիք է տալիս ցանկացած քաղաքացու համար՝ արդյոք իր խոսակցությունը պատշաճ պաշտպանված է», - հավելեց Կոստանյանը։
Ի պատասխան Մարուքյանն ասաց, որ Քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշման մեջ նշվում է հենց ուժային կառույցների ղեկավարներին գաղտնալսելու փաստը, հետևաբար կոնկրետ դեպքի վերաբերյալ են պատգամավորները ստորագրահավաքին մասնակցել և կոնկրետ դեպքի համար էլ կազմվում է Քննիչ հանձնաժողով, ինչը ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով արգելված է։
«Մեզ այլ հայտնի գաղտնալսման մասին տեղեկություն մենք չունենք», - նշեց Մարուքյանը։
«Եթե տեքստի ձևակերպումը խնդիր է, մենք, բնականաբար, կարող ենք փոխել այն։ Այո, իհարկե, խոսքը չի կարող վերաբերել կոնկրետ հանգամանքներին, այլ նրան, որ այս խոսակցությունները հիմք են հանդիսանում, որ մենք ուսումնասիրության առարկա դարձնենք գլոբալ՝ հեռախոսային խսակցությունների գաղտնիության և արդար դատաքննության իրավունքի երաշխավորման հանգամանքները», - արձագանքեց Կոստանյանը։