13/09/2018 15:34
Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ դեսպանը
Հանրապեության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Լիտվինը, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել նրան և համոզմունք հայտնել, որ նորանշանակ դեսպանը կարևոր ներդրում կունենա հայ-ուկրաինական արդյունավետ երկխոսության շարունակման գործում:
Դեսպան Լիտվինը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը՝ առավել ամրապնդելու և առաջ մղելու տարբեր ոլորտներում ձեւավորված հայ-ուկրաինական բարձր մակարդակի գործակցությունը:
Հավատարմագրերի հանձնմանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը նշել են, որ երկու ժողովուրդները միմյանց հետ կապված են եղբայրական և բարեկամական հարաբերություններով, որոնք լավ հիմք են փոխգործակցության հետագա զարգացման համար: