13/09/2018 18:18
Եթե Հանրապետականը խոչընդոտներ ստեղծի Մարտի 1, 2-ի դեպքերից տուժածներին փոխհատուցելու նախագծին, կնշանակի սաբոտաժ. Լենա Նազարյան
2008 թվականի Մարտի 1, 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ներկայացվել է կառավարություն՝ հաստատման։ Դրանից հետո միայն այն կներկայացվի խորհրդարանի դատին։
Հիշեցնենք՝ այս նախագիծը, որը նախատեսում է մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ տասը զոհի հարազատներին, ինչպես նաև մյուս տուժածներին փոխհատուցում տալու կարգը, առաջին անգամ չի ներկայացվում խորհրդարանին։ Այն դեռ պատգամավոր աշխատելու տարիներին ներկայացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն ամեն անգամ հանդիպել էր մերժման. խորհրդարանական մեծամասնությունը անհրաժեշտ չէր համարել այդ օրինագիծը ընդունելը։ Այս անգամ, սակայն, իրավիճակը փոխվել է։
Օրինագծին կողմ են Հանրապետական պատգամավորները, սակայն իրենք էլ իրենց հերթին ներկայացնում են առաջարկություն՝ ցանկում ընդգրկել նաև 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքերի ժամանակ տուժածներին, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատներին, ինչպես նաև ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հարազատներին։
Օրինագծի հեղինակներից ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, սակայն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ պետք է տարբերակել այդ դեպքերը։
«Մարտի 1-ի զոհերի վրա կրակել է պետության ներկայացուցիչը, իսկ մյուս դեպքերում մահաբեր ուժ կիրառել են պետության ներկայացուցիչների նկատմամբ։ Երկու դեպքում էլ պետությունն ունի պարտավորություն, քանի որ քաղաքականացված միջադեպեր են եղել, և պետությունը պարտավոր էր երաշխավորել այդ անձանց կյանքի իրավունքը, ինչը չի արել», - ասաց Նազարյանը։
«Ելքի» ղեկավարի խոսքով՝ ինքը կողմ է Հանրապետական խմբակցության պատգամավորների առաջարկին, սակայն դրանք պետք է լինեն առանձին նախագծեր։
«Յուրաքանչյուր գործ, իրադարձություն պետք է քննարկվի առանձին։ Ես կողմ եմ, որ փոխհատուցում տրվի խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատներին, բայց դարձյալ առանձին նախագծով», - նշեց Նազարյանը՝ ընդգծելով առանձին մասնագիտական հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը։
Այս բոլոր հարցերը մեկ նախագծի շրջանակում քննարկելը, ըստ պատգամավորի, երկար ժամանակ կպահանջի, մինչդեռ մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով տուժածներին օգնություն է հարկավոր։
«Նախագծի մեջ փորձել ամեն ինչ խցկել, կարծում եմ, սաբոտաժի ձև է։ Իրենք չեն ասում՝ դեմ ենք, ուղղակի ասում են՝ կողմ ենք, բայց հավելում՝ եկեք սա ավելացնենք, նա ավելացնենք, արդյունքում նախագիծն անվերջ քննարկվում է ու չի հասնում իր վերջնակետին ու չի իրականացվում», - նշում է Լենա Նազարյանը։
2008-ի մարտյան իրադարձություններից անցել է 10 ու կես տարի, և տուժածները շարունակում են ապրել կարիքի մեջ՝ Հովհաննես Հովհաննիսյանի ծնողները ապրում են վարձակալած բնակարանում, Գոռ Քլոյանի որդին անչափահաս է, տատիկ-պապիկի խնամքին և այլն։
Մյուս հանգամանքը, որի համար պետք է օրինագիծը շուտ ընդունել և պետության կողմից փոխհատուցում տալ այս անձանց, ըստ Նազարյանի այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շուտով հնարավոր է կայացվեն վճիռներ՝ տուժածներին փոխհատուցելու վերաբերյալ։
«Շատ կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը ավելի շուտ փոխհատուցի, քան ՄԻԵԴ-ը վճիռ կկայացնի փոխհատուցելու մասին, որովհետև եթե Եվրոպական դատարանը նման որոշում կայացրեց, ապա դա պետության համար խայտառակություն կլինի», - նշեց պատգամավորը։
Օրենքն ընդունելուց հետո, նրա խոսքով, փոխհատուցման պայմաններն ու չափը կսահմանվեն կառավարության որոշմամբ։
Հարցին, թե ի՞նչ է կարծում՝ կկայանա կոնսենսուս այս նախագծի շուրջ Հանրապետական խմբակցության հետ, Նազարյանը պատասխանեց. «Եթե այս հիմնավորումները նրանց չեն բավարարի, ես ուրեմն պետք է ենթադրեմ, որ իրենք ուզում են օրենքը այնքան բարդացնել, այն տեղափոխել անվերջ քննարկումների դաշտ, ինչը կնշանակի նախագծի սաբոտաժ։ Միայն դեմ խոսելով, դեմ քվեարկելով հո չեն սաբոտաժ անում»։