13/09/2018 14:58
Արցախը միացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերին, վավերացրել և իրականացնում է դրանք. ՀՀ ԱԳ նախարար
Սեպտեմբերի 13-ին աշխատանքային այցով Ժնև ժամանած ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին, հայտնում են ԱԳՆ-ից։
Միշել Բաչելետը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական գործընթացները գտնվել են Գրասենյակի ուշադրության կենտրոնում և գոհունակություն հայտնել դրանց խաղաղ բնույթի կապակցությամբ: Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում:
Անդրադառնալով կանանց իրավունքների պաշտպանության հարցերին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ ավարտին են հասցվել ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի հիման վրա ազգային զեկույցի մշակման աշխատանքները:
Նախարար Մնացականյանը գերագույն հանձնակատար Բաչելետին ներկայացրել է դեկտեմբերի 9-ին Երևանում կազմակերպվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 3-րդ գլոբալ ֆորումի նախապատրաստական աշխատանքները՝ նշելով, որ Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրելու այս ֆորումը ցեղասպանության կանխարգելման ևս մեկ հարթակի վերածելու ուղղությամբ:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ նախարար Մնացականյանը վերահաստատել է բացառապես խաղաղ կարգավորման Հայաստանի հանձնառությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Նա շեշտել է, որ Արցախը միացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերին, վավերացրել և իրականացնում է դրանք: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ մարդու իրավունքները համընդհանուր են, և դրանց պաշտպանության շուրջ համագործակցությունն էլ պետք է համընդհանուր լինի՝ առանց որևէ բացառության, հատկապես նրանց համար, ովքեր հետևողականորեն ապացուցել են դրանց իրենց հավատարմությունը: