13/09/2018 19:39
ՀՀ ԱԺ աշխատակազմում ամփոփվել են «Շանթ-2018» զորավարժության արդյունքները
«Շանթ-2018» զորավարժություն»: Սեպտեմբերի 13-ին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել եւ ամփոփվել են զորավարժությանն ԱԺ աշխատակազմի մասնակցության արդյունքները, հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
ԱԺ աշխատակազմի գրասենյակի զորահավաքային նախապատրաստության համակարգող Գարիկ Մուշեղյանը տեղեկացրել է, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-13-ը «Պետական եւ զինվորական կառավարման մարմինների աշխատանքը պետությունը խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման եւ ագրեսիայի հետմղման ընթացքում» թեմայով անցկացվել են եռաստիճան ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմը: Զորավարժության անցկացման ընթացքում աշխատակազմը բերվել է բարձր պատրաստականության աստիճանի, կազմվել են աշխատանքային խմբեր, սահմանվել է շուրջօրյա եւ փոփոխված օրակարգով աշխատակարգ, տրվել են հանձնարարականներ:
Ուսումնասիրելով ստեղծված աշխատանքային խմբերի կողմից կատարված աշխատանքները, նրանց հմտություններն ու կարողությունները՝ պարզ է դարձել, որ ՀՀ ԱԺ աշխատակազմն ունակ է կատարելու իր առջեւ դրված ռազմավարական խնդիրները՝ պետությունը խաղաղից պատերազմական վիճակի փոխադրման եւ ագրեսիայի հետմղման ընթացքում:
ԱԺ աշխատակազմի աշխատանքը գնահատվել է դրական: Վերլուծության արդյունքում նաեւ արձանագրվել են որոշակի բացթողումներ, որոնք հետագայում բացառելու նպատակով խորհրդակցության մասնակիցների կողմից եղել են առաջարկներ: