14/09/2018 15:39
Հաստատվել են մեր ամենահոռետեսական մտավախությունները՝ Քոչարյանի վերաբերյալ գործն ուղղորդված է. Փաստաբանների հայտարարությունը (Տեսանյութ)
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային գաղտնալսված զրույցի բովանդակությունից և դրան հաջորդած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը եզրակացրել է, որ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թիմի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։
Փաստաբանը նկատեց, որ ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի խոսակցությունից պարզ է դառնում, որ դատավորը իր անելիքները համապատասխանեցրել է ԱԱԾ տնօրենի հետ, իսկ վերջինն էլ խիստ արհամարհական վերաբերմունք է դրսևորել դատավորի նկատմամբ։
Ավելին, ըստ փաստաբանի, Քոչարյանի կալանավորման գործընթացը տեղի է ունեցել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի «աննախադեպ խախտումներով»։
«Հաստատվել են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ամենահոռետեսական մտավախությունները՝ կապված այս գործի ընթացքը ուղղորդված լինելու և դրա ելքը ի սկզբանե կանխորոշված լինելու վերաբերյալ։ Մտահոգություն է առաջացնում նաև այն հանգամանքը, որ հանրության մեջ սերմանվում է այն մոտեցումը, որ կան անձինք, որոնց իրավունքները կարելի է խախտել, իսկ այդ անձանց պաշտպանությանն ուղղված գործողությունները դիտարկվում են դավաճանություն, դիվերսիա», - հայտարարեց Ալումյանը։
Ներկայացնելով փաստաբանական թիմի հայտարարությունը՝ փաստաբանը նշեց, որ Քոչարյանի պաշտպանությունն ստանձնած անձինք դիտարկվում են որպես սևեր և նրանց նկատմամբ ձևավորվում է անհանդուրժողականության մթնոլորտ։
Ըստ փաստաբանական թիմի, Բարձրագույն դատական խորհուրդը չի պաշտպանում դատավորների անկախությունը այն պայմաններում, երբ նրանց անկախության դեմ ոտնձգությունները հասել են գագաթնակետի։
«Մտահոգիչ է իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների և անհատ իրավապաշտպանների քար լռությունը։ Տպավորություն է, որ մարդու հիմնարար ազատությունները սկսել են կրել անձնավորված բնույթ», - հայտարարեց Ալումյանը։
Ըստ փաստաբանական թիմի, բոլոր պատկան մարմինները պետք է կատարվածին համարժեք իրավական գնահատականներ տան։