14/09/2018 11:01
Մեծ հաշվով այս հեղափոխությունը իմաստ չի ունենա, եթե մենք չկարողանանք հասնել տնտեսական հեղափոխության. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն, բայց մեծ հաշվով այս հեղափոխությունը իմաստ չի ունենա, եթե մենք չկարողանանք հասնել տնտեսական հեղափոխության, Փարիզում «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» (MEDEF) կազմակերպության անդամների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Փարիզից տեղեկացնում է Aysor.am-ի թղթակիցը:
«Այդ առումով հիմա հեղափոխության ամենակարևոր շրջափուլն է, և պետք ապահովենք տնտեսական ճեղքում ՀՀ համար: Ես համաձայն եմ ասված այն խոսքի հետ, որ շատ հստակ կանոններ են պետք տնտեսական գործունեության համար: Ըստ էության, մենք այդ կանոնները բազմիցս հայտարարել ենք, բայց ենթադրում եմ, որ տնտեսական ավանդույթների բերումով Հայաստանում ոչ բոլորն են դրան հավատում», - նշեց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ իր՝ վարչապետ ընտրվելուց հետո հրավիրել է գործարարների շրջանակի, հայտարարել, որ որևէ գործարար կամ ընկերություն իր ընտրվելու պահից սկսած ազատված է կոռուպցիոն սիստեմից:
«Ըստ էութան, մենք տնտեսական գործունեություն ծավալողների և ներդրողների հետ հարաբերություններում երկու պայման ունենք՝ գործունեությունը պետք է լինի օրինական, օրենքին լիարժեք համապատասխան: Մենք բոլորին կաջակցենք, որպեսզի նրանք հնարավորինս շատ աշխատատեղեր ստեղծեն և իհարկե հարկեր վճարեն», - նշեց նա:
Փաշինյանը նաև ընդգծեց, որ իրենք ուշադրություն են դարձնում գործարարների կողմից եկող այն ազդակներին, որ հարկային օրենսգիրքը դժվարեցնում է նրանք գործունեությունը և դրանում փոփոխություններ կատարելու համար հանրային քննարկումներ են ծավալվել: