15/09/2018 09:29
«168 Ժամ». ԱՄՆ-ը ՀՀ իշխանության համար սահման գծեց. Ամերիկացի քաղաքական վերլուծաբան
«168 Ժամի» հետ զրույցում ամերիկացի քաղաքական վերլուծաբան, նախկին դիվանագետ Փոլ Գոբլը, անդրադառնալով Սիրիայում հումանիտար նախաձեռնություն իրականացնելու ՀՀ իշխանությունների նախագծին, ասել է. «ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը կարճ էր, բայց տարողունակ: Ըստ էության ԱՄՆ դեսպանատունը հրապարակավ ճանաչեց Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնելու ՀՀ իշխանությունների ցանկությունը, ընդունեց, որ դա հասկանալի է՝ հաշվի առնելով այնտեղ առկա հայ համայնքի փաստը և ընդհանրապես մարդասիրական առաքելություն իրականացնելու ցանկությունը: Բնականաբար, ԱՄՆ-ը նաև հասկանում է, թե ինչպիսին է Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը, հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները և բոլոր կողմերի հետ հարաբերություններում դրական հունը պահելու ցանկությունը:
Սակայն ամերիկյան կողմը նշեց նաև Իդլիբում տեղի ունեցող զարգացումների մասին, Ասադի ռեժիմի քայլերի, Ռուսաստանի և Իրանի մասին: ԱՄՆ-ը, ըստ էության, ամենապարզ լեզվով հասկացրեց, թե ինչը կարող է ընդունելի լինել իր համար, իսկ ինչը` ոչ: Ներկայիս ակտիվ ռազմական գործողությունների թատերաբեմն Իդլիբ նահանգն է, որից իր մարդասիրական առաքելության շրջանակում պետք է հեռու մնա Հայաստանը՝ խնդիրներից խուսափելու նպատակով»:
Գոբլի խոսքով, վստահաբար, ՀՀ իշխանություններն իրենց պաշտոնական և մասնավոր զրույցներում այս թեման քննարկել են բոլոր կողմերի հետ՝ հասկանալու դրա հնարավոր հետևանքները և իրենց ազատության սահմանները:
«Վերջերս, եթե չեմ սխալվում, եղել են հանդիպումներ Հայաստանի իշխանությունների և ամերիկյան կողմի մի շարք ներկայացուցիչների միջև: Ուստի, եթե իսկապես առաքելությունն իրականացվի այնպես, ինչպես հայտարարել են ՀՀ իշխանությունները, խնդիրներ չեն լինի, քանի որ, ի վերջո, Սիրիայի վերականգնմամբ զբաղվելու են շատ երկրներ, որոնք կցանկանան մասնակցել այդ գործընթացին», - ասել է Գոբլը: